Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

3 րոպեի ընթերցում

Կիևն ուղիներ է փնտրում Վարշավայի հետ լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է հաշտվի իր պատմության հետ՝ Եվրամիությանը միանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկու հարևան երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկեց Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։ Նավրոցկին այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը վերանվանել էր ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում իրականացրել են լեհերի կոտորածներ։

Վարչապետ Դոնալդ Տուսկը, որը Նավրոցկու քաղաքական հակառակորդն է, փորձում է մեղմել լարվածությունը և ասել է, որ դրական ազդանշաններ է ստացել հուլիսի 3-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի և նրա լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու միջև Վարշավայում կայացած հանդիպումից։

«Ես չգիտեմ հանդիպման արդյունքները, բայց ունեմ ազդանշաններ, որ ուկրաինական կողմը փնտրում է լարվածությունը թուլացնելու ուղիներ», - մամուլի ասուլիսում ասել է Տուսկը։

Reuters-ը նշում է, որ որոշ ուկրաինացիներ Ուկրաինական ապստամբական բանակը համարում են հերոսական՝ Խորհրդային Միության և նացիստական ​​Գերմանիայի դեմ ցուցաբերած դիմադրության համար, ինչպես նաև այն դիտարկում են որպես Մոսկվայից անկախանալու՝ Կիևի պայքարի խորհրդանիշ։ Սակայն Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը հիմնականում հայտնի է 1943-1945 թվականներին Վոլինում էթնիկ լեհերի կոտորածով, որի հետևանքով շուրջ 100 000 լեհ է սպանվել։

Տուսկն ասել է, որ Կիևը պետք է հաշտվի պատմության հետ՝ Եվրամիությանը միանալու իր նպատակին հասնելու համար։

«Չկա եվրոպական համայնք՝ առանց հաշտեցման, և չկա հաշտեցում՝ առանց…. ցավոտ պատմության հետ հաշտվելու», - ասել է վարչապետը։

Տուսկը հավելել է, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կխնդրի լեհական պատվիրակությանը «զգուշավորություն դրսևորել» Ուկրաինային ավելի շատ ֆինանսական օգնություն խոստանալու հարցում։

«Ոչ թե այն պատճառով, որ ես չեմ կարծում, որ Ուկրաինան ֆինանսական աջակցության կարիք ունի, այլ այն պատճառով, որ կարծում եմ, որ Լեհաստանն ունի շատ կարևոր պարտավորություններ Եվրամիության արևելյան սահմանի պաշտպանության առումով», - ասել է Տուսկը։

Եվրոպա

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Հայերեն English

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել