Եվրոպա

Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

3 րոպեի ընթերցում

Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

Կիևն ուղիներ է փնտրում Վարշավայի հետ լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է հաշտվի իր պատմության հետ՝ Եվրամիությանը միանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկու հարևան երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն զրկեց Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։ Նավրոցկին այս որոշումը պատճառաբանել է նրանով, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը վերանվանել էր ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմում իրականացրել են լեհերի կոտորածներ։

Վարչապետ Դոնալդ Տուսկը, որը Նավրոցկու քաղաքական հակառակորդն է, փորձում է մեղմել լարվածությունը և ասել է, որ դրական ազդանշաններ է ստացել հուլիսի 3-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի և նրա լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու միջև Վարշավայում կայացած հանդիպումից։

«Ես չգիտեմ հանդիպման արդյունքները, բայց ունեմ ազդանշաններ, որ ուկրաինական կողմը փնտրում է լարվածությունը թուլացնելու ուղիներ», - մամուլի ասուլիսում ասել է Տուսկը։

Reuters-ը նշում է, որ որոշ ուկրաինացիներ Ուկրաինական ապստամբական բանակը համարում են հերոսական՝ Խորհրդային Միության և նացիստական ​​Գերմանիայի դեմ ցուցաբերած դիմադրության համար, ինչպես նաև այն դիտարկում են որպես Մոսկվայից անկախանալու՝ Կիևի պայքարի խորհրդանիշ։ Սակայն Լեհաստանում Ուկրաինական ապստամբական բանակը հիմնականում հայտնի է 1943-1945 թվականներին Վոլինում էթնիկ լեհերի կոտորածով, որի հետևանքով շուրջ 100 000 լեհ է սպանվել։

Տուսկն ասել է, որ Կիևը պետք է հաշտվի պատմության հետ՝ Եվրամիությանը միանալու իր նպատակին հասնելու համար։

«Չկա եվրոպական համայնք՝ առանց հաշտեցման, և չկա հաշտեցում՝ առանց…. ցավոտ պատմության հետ հաշտվելու», - ասել է վարչապետը։

Տուսկը հավելել է, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կխնդրի լեհական պատվիրակությանը «զգուշավորություն դրսևորել» Ուկրաինային ավելի շատ ֆինանսական օգնություն խոստանալու հարցում։

«Ոչ թե այն պատճառով, որ ես չեմ կարծում, որ Ուկրաինան ֆինանսական աջակցության կարիք ունի, այլ այն պատճառով, որ կարծում եմ, որ Լեհաստանն ունի շատ կարևոր պարտավորություններ Եվրամիության արևելյան սահմանի պաշտպանության առումով», - ասել է Տուսկը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում