Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդել, որով քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավոր հատվածին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։
Որոշումը պայմանավորված է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է, որ 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում, իսկ դպրոց ընդունվող բոլոր երեխաները մինչև դպրոց գնալը առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում։
Կառավարության իրականացրած ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և հիմնանորոգման ծրագրի արդյունքում 2025 թվականի դրությամբ նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81 տոկոս։ 2021 թվականի 64.3 տոկոսի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17 տոկոսային կետով։
Ըստ նախագծի հիմնավորման՝ քաղաքային բնակավայրերում դեռևս մտահոգիչ է այն երեխաների թիվը, որոնք մեծ հերթերի պատճառով մինչև դպրոց գնալը չեն հասցնում հաճախել մանկապարտեզ։
Այս համատեքստում առաջարկվում է ընդլայնել նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցը՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։ Նոր մոդելով կներդրվի մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է կատարվել, այդ թվում՝ ներդրվել են մասնավոր նախադպրոցական ծառայությունների լիցենզավորման մեխանիզմներ։
Պիլոտային ծրագիրը կվերաբերի 5-6 տարեկան այն երեխաներին, որոնք առնվազն 9 ամիս հերթագրված են եղել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունում, սակայն հերթերի կամ համապատասխան տևողությամբ ծառայության բացակայության պատճառով չեն ընդգրկվել այդ հաստատությունում։
Այդ երեխաները կկարողանան դառնալ պետական և համայնքային ֆինանսավորման մոդելով իրականացվող կրթական ծրագրի շահառու։