Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 377 միլիոն 445 հազար 997 դրամ։
Ճամբարակի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 18-ը սուբվենցիոն են՝ 341 միլիոն 945 հազար 997 դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական՝ 864 միլիոն 500 հազար դրամ արժեքով, և 1-ը՝ համայնքային՝ 171 միլիոն դրամ արժեքով։
Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Շողակաթում կառուցվել է 4320 մետր արտաքին լուսավորության ցանց, 4369 մետր խմելու ջրագծի ներքին ցանց, 4112 մետր «Խելացի ոռոգման» ջրատար ցանց, 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, 95 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, 2 հակակարկտային կայան, հիմնանորոգվել է հանրապետական ու ներհամայնքային նշանակության 13897 գծամետր ճանապարհ։
Պետական ծրագրի շրջանակներում՝ շուրջ 864 միլիոն 500 հազար դրամ արժեքով, հիմնանորոգվել է Սևան-Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շողակաթի վարչական տարածքով անցնող շուրջ 9500 գծամետր երկարության հատվածը։
Համայնքային ծրագրով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ 171 միլիոն դրամ արժեքով, կառուցվել է «Խելացի ոռոգման» համակարգ և 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, որի արդյունքում Շողակաթ և Արտանիշ բնակավայրերում ոռոգելի է դառնում 300 հեկտար հողատարածք։