Ինքնակամ կառույցների օրինականացման իրավակարգավորումները կընդլայնվեն․ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն

4 րոպեի ընթերցում

Քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչև օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու և օրինականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաև, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլևս օրինականացման ենթակա չեն լինի:

Գործնականում ի  հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Զեկուցողի խոսքով օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված  տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը:

«Կսահմանվի ինքնակամ կառույցներն օրինականացնելու համար վերջնաժամկետ՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ կսահմանվեն Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկման և հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա և ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաև օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը»,- հայտնել է զեկուցողը:

Նախագծով առաջարկվում է սահմանել նաև ինքնակամ կառույցների օրինականացման համար տեղական տուրքերի նոր տեսակներ: Ըստ նախագծի՝ Երևանում և մայրաքաղաքին հարակից համայնքներում ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում կգանձվի օրենքով սահմանված փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված վճարի եռապատիկը, ինչպես նաև 100 մլն դրամի չափով միանվագ տեղական տուրք: Մարզերում և Երևանին ոչ հարակից համայնքներում նույն տուրքի չափը կկազմի 50 մլն դրամ:

Պատգամավորների հարցերը վերաբերել են տուրքերի չափերի հիմնավորմանը, նախագծում կադաստրային արժեքների գործոնը հաշվի առնելուն, ոչ իրավական ճանապարհով կառուցված շինությունների քանակին ու դրանց հաշվառման հնարավորություններին: Զեկուցողը հարցերին տվել է մանրամասն պատասխաններ՝ միաժամանակ ընդգծելով, որ պետությունը չի խրախուսում ինքնակամ շինությունների կառուցումը, ինչի մասին է վկայում նաև տվյալ իրավակարգավորման շրջանակում տեղական տուրքերի առավել բարձր չափերի սահմանումը:

Նախագծերի փաթեթի հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը:

Հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը