5 րոպեի ընթերցում
Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) նախաձեռնած Lead4Peace՝ «Կանանց առաջնորդության խթանում՝ հանուն դիմակայուն և խաղաղ հասարակությունների» տարածաշրջանային երկօրյա հանդիպումը, որի շրջանակում պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի միացումը ծրագրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է միջոցառումը, որը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և տարածաշրջանի այլ երկրների կին առաջնորդների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների ներկայացուցիչների։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց առաջնորդությունը, գենդերային հավասարությունը, դիմակայուն կառավարման զարգացումն ու խաղաղաշինությունը՝ տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման միջոցով։
Միջոցառման բացմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ծրագրին միանալը կարևոր քայլ է Հայաստանի գենդերային քաղաքականության և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։
«Կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության ապահովումը և հավասար հնարավորությունների ստեղծումը մշտապես եղել են Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում և շարունակում են մնալ մեր օրակարգի առանցքային ուղղություններից»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականին ընդունված Գենդերային հավասարության ռազմավարությունը սահմանում է ոլորտի հիմնական ուղղությունները՝ ներառյալ կանանց մասնակցության ընդլայնումը որոշումների կայացման գործընթացներում, աշխատաշուկայում անհավասարությունների հաղթահարումը, առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավումը և կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը։
Թորոսյանը տեղեկացրեց, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը մեկ տարվա ընթացքում կազմել է գրեթե 90 տոկոս՝ ընդգծելով իրականացվող քաղաքականության հետևողականությունը։
Նա նաև ընդգծեց կանանց դերը խաղաղության օրակարգում՝ նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ներառական գործընթացների միջոցով։
«Կանանց ձայնը խաղաղության ձայն է, և որքան ուժեղ է այդ ձայնը, այնքան ամուր են խաղաղության հիմքերը»,- ասաց նախարարը։
Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին դեպքն է, երբ Դանիան ուղղակի աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ կանանց տնտեսական հզորացման և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում։
Նրա խոսքով՝ ծրագիրը կնպաստի ոչ միայն պետական ինստիտուտների զարգացմանը, այլև Հայաստանի և Դանիայի միջև համագործակցության ու մարդկային կապերի ամրապնդմանը։
ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն ընդգծեց, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել գենդերային հավասարության և կանանց քաղաքական մասնակցության ոլորտում, սակայն շարունակում են պահպանվել սոցիալ-տնտեսական մարտահրավերներ։
Նրա խոսքով՝ ծրագիրը կենտրոնացած է կանանց առաջնորդության, տնտեսական մասնակցության և հզորացման վրա՝ նպաստելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրին տարածաշրջանի երկրների փորձը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերները՝ գենդերային անհավասարությունից մինչև խաղաղաշինության գործընթացներում կանանց լիարժեք ներգրավվածության անհրաժեշտություն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանում կանանց քաղաքական ներկայացվածությունը զգալի աճ է գրանցել․ եթե 2015 թվականին Ազգային ժողովում կանայք կազմում էին 10,7 տոկոս, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է 38,3 տոկոսի։ Միաժամանակ, կանայք զբաղեցնում են նախարարական պաշտոնների մոտ մեկ երրորդը։
Այնուամենայնիվ, կանայք շարունակում են միջինում 4,5 անգամ ավելի շատ ժամանակ հատկացնել չվարձատրվող խնամքի աշխատանքներին, իսկ նրանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի շուրջ 61 տոկոսը։
Lead4Peace տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության կողմից՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Մինչ այժմ այն իրականացվել է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, իսկ 2026 թվականի հուլիսից ծրագրին միանում է նաև Հայաստանը՝ ընդլայնելով տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։
Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան
Ֆրանսուազ Ժակոբ, Արսեն Թորոսյան
Բելեն Սանս Լուկե
Ֆրանսուազ Ժակոբ
Աննե Տոֆթ Սորենսե
Կաորի Իշիկավա
Կաորի Իշիկավա
Ֆրանսուազ Ժակոբ, Արսեն Թորոսյան, Բելեն Սանս Լուկե, Աննե Տոֆթ Սորենսե