Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից ստացել է ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին նշվում է ԱՄՆ նախագահի ֆինանսական հայտարարագրում, որը հրապարակվել է հունիսի 30-ին։
ԱՄՆ կառավարության էթիկայի վարչության կայքում հրապարակված 927 էջանոց փաստաթղթի համաձայն՝ Թրամփը մոտ 500 միլիոն դոլար է վաստակել World Liberty Financial ընկերության կողմից իրականացված կրիպտոարժույթի վաճառքից։ Ընկերությունում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում նրա որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը։
ԱՄՆ նախագահը նաև շուրջ 600 միլիոն դոլար է ստացել $TRUMP թվային արժույթի վաճառքից ստացված վճարումների տեսքով։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը մի քանի միլիոն դոլարի եկամուտ է ստացել իր անունը կրող ժամացույցների, սպորտային կոշիկների և տարբեր տեսակի օծանելիքների վաճառքից։
Հունիսին Reuters գործակալությունը հրապարակել էր գնահատականներ, որոնց համաձայն՝ Թրամփի ընտանիքը ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա երկրորդ ժամկետի սկզբից ի վեր կրիպտոարժույթների հետ կապված մի շարք նախագծերից ստացել է առնվազն 2,3 միլիարդ դոլարի եկամուտ։