Կիպրոսը ExxonMobil-ի և QatarEnergy-ի հետ համաձայնագիր է ստորագրել գազի հանքավայրերի առևտրային զարգացման վերաբերյալ
2 րոպեի ընթերցում

Կիպրոսի Հանրապետությունը, ExxonMobil-ը և QatarEnergy-ն ստորագրել են հռչակագիր Գլաուկուս և Պեգասուս բնական գազի հանքավայրերի առևտրային կենսունակության վերաբերյալ, ինչպես նաև փաստաթուղթ՝ համագործակցության շարունակության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը փաստաթղթի ստորագրումը որակել է որպես ռազմավարական նշանակության կարևորագույն իրադարձություն։ Կիպրոսի էներգետիկայի նախարար Միխալիս Դամիանոսն իր հերթին ընդգծել է, որ տվյալ քայլն ավելի է ամրապնդում երկրի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ ոլորտում և նոր թափ է հաղորդում Արևելյան Միջերկրականի աճող դերին՝ որպես զարգացող էներգետիկ հանգույց։
Ավելի վաղ Նիկոս Քրիստոդուլիդեսը նախագահական պալատում ընդունել էր ExxonMobil-ի և Qatar Energy-ի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել էր. «Այն փաստը, որ ExxonMobil-ը և Qatar Petroleum-ը գործում են մեր բացառիկ տնտեսական գոտում, չափազանց նշանակալի զարգացում է: Ես պետք է հրապարակավ գովաբանեմ ձեր աշխատանքը, ձեր պրոֆեսիոնալիզմը և էներգետիկայի ոլորտում ձեր առաջնորդությունը։ Մենք շատ ուրախ ենք և ոգևորված ձեզ հետ համագործակցելու համար»:
ExxonMobil-ի փոխնախագահ Ջոն Արդիլն իր հերթին նշել է, որ ընկերությունը 2017 թվականից ի վեր մեծ ճանապարհ է անցել՝ ընդգծելով, որ երբեք չի կարելի ի սկզբանե ընդունել, որ արդյունքներ կգրանցվեն։ Այս դեպքում հայտնաբերվել են երկու հանքավայրեր, որոնք նա որակել է որպես հիանալի նորություն Կիպրոսի համար։ Նա հավելել է, որ հաջորդ խնդիրը դրանց մշակումն է՝ նշելով, որ նախագիծը շատ հաջողակ է եղել բոլոր ներգրավված կողմերի համար։
«Ներդրումների ծավալի վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է 2029 թվականին՝ ուսումնասիրությունների և նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո։ Շուկայի մեկնարկը և արտադրությունը նախատեսվում է 2033 թվականին»,- ասել է Արդիլը։