Մշակույթ

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը

7 րոպեի ընթերցում

Նոր մշտական ցուցադրություն՝ վերանորոգված տարածքում. Վաղարշապատ քաղաքում վերաբացվեց Մհեր Աբեղյանի թանգարանը

Հայաստանի ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի թանգարանը, որը հիմնադրվել է 1990 թվականին, երկար տարիներ չի վերանորոգվել, սակայն 2026 թվականի սկզբին կառույցում պետական միջոցներով նորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում այն նոր շունչ ու հոգի է ստացել։

Նորոգվել և արդիականացվել են ցուցասրահները, լուսային և մոնտաժման համակարգերը, վերականգնվել, ամրակայվել ու շրջանակավորվել են ցուցանմուշները, ինչպես նաև համալրվել և թարմացվել է մշտական ցուցադրությունը։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ հանդիսացող թանգարանը վերաբացվեց հունիսի 30-ին։

Վերաբացումն ազդարարվեց Մհեր Աբեղյանի և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի յուրահատուկ ստեղծագործությունների նոր ցուցադրությամբ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը հիշեցրեց, որ պատկերասրահը Երևանում և մարզերում ունի 14 մասնաճյուղ, սակայն Մհեր Աբեղյանի թանգարանն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ 2020 թվականին, երբ սկսել են մասնաճյուղերի բարեփոխման, բարեկարգման ծրագիրը, Աբեղյանի թանգարանն առաջինն է եղել։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

«Այդ բարդ շրջանում  կարողացանք մի կարևոր բարեփոխում անել. մինչ 2020 թվականը թանգարանը նվիրված է եղել միայն Մհեր Աբեղյանի ստեղծագործություններին, մենագրական թանգարան է եղել, իսկ 2020-ին թանգարանում բացեցինք վաղարշապատցի անվանի արվեստագետ Եղիշե Թադևոսյանի անվանական ցուցասրահը։ Վեց տարի անց ամբողջական թանգարանն ենք վերափոխել։ Թադևոսյանի անվանական ցուցասրահները համալրել ենք շատ կարևոր նմուշներով, և ես վստահաբար կարող եմ ասել՝ գլուխգործոցներով»,-շեշտեց Հակոբյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

Եղիշե Թադևոսյանի (1870-1936) անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Ժանրային բազմազանությամբ, ոճական ու ձևաբանական բազմակերպությամբ աչքի ընկնող ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին և բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ հինգ տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից։

Ցուցադրության կարևոր մաս են կազմում էտյուդներն ու գծապատկերները, թանգարանի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներն ու պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարները:

«Թադևոսյանը շատ է էտյուդներ նկարել, և հայկական կերպարվեստում առաջիններից է եղել, որ էտյուդը դարձրել է արժեքավոր երևույթ։ Նա եղել է իմպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը։ Նախորդ տարի նրա հավաքածուն առաջին անգամ շրջագայեց Ֆրանսիայում և ներկայացավ տեղի արվեստասերներին։ Այդ նմուշներից շատերն արդեն այս մասնաճյուղում են»,-ընդգծեց Մարինա Հակոբյանը։

ՀԱՊ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը կարևորեց, այն փաստը, որ թանգարանում երկու մեծ արվեստագետի աշխատանքներ են  ցուցադրվում, ինչը ցույց է տալիս, որ Էջմիածինը եղել է բազմաթիվ հայ  արվեստագետների ծննդավայր, ներշնչանքի աղբյուր։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

«Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է իր հայրենի քաղաքին, տարածաշրջանի բնությանը։ Թանգարանում ներկայացված նրա գործերի մեծ մասը երկար տարիներ պահվել է ՀԱՊ-ի ֆոնդապահոցներում և թեմատիկ բաժանումներով ցուցադրվել է միայն արվեստագետի անհատական ցուցահանդեսների ժամանակ»,-ասաց Գալստյանը։

Ըստ նրա՝ և՛ Թադևոսյանը, և՛ Մհեր Աբեղյանը բավականին առանցքային դերակատարություն են ունեցել հայկական գեղանկարչության զարգացման գործում։

«Թադևոսյանին կարելի է բնութագրել որպես գեղանկարչության նորարար, որը ոչ միայն տեղյակ էր արևմտաեվրոպական արվեստի առաջադեմ զարգացումներից, այլև  փորձում էր դրանք յուրացնել, տեղայնացնել իր բազմաժանր ստեղծագործություններով։ Թանգարանի սրահներում կարող ենք տեսնել, թե որքան բազմակողմանի է նրա ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը։ Թադևոսյանը սկզբնավորել է մի ոճ, որը հետագայում շարունակել են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Խաչատուր Եսայանն ու Մհեր Աբեղյանը։ Աբեղյանն ավելի հայտնի է որպես Մարտիրոս Սարյանի դպրոցի ամենավառ ներկայացուցիչ և շարունակող։ Նրանով այդ դպրոցի ուրվագծերն ամբողջանում և ավարտվում են։ 1970-ականներից հետո հայ գեղանկարչությունը շարժվեց այլ ուղղությամբ»,-շեշտեց Վիգեն Գալստյանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

Նա կարծում է՝ Աբեղյանին և Թադևոսյանին նույն հարթակում ներկայացնելը թույլ է տալիս երկխոսություն ստեղծել տարբեր սերունդների արվեստագետների միջև, հասկանալ, թե ինչ զարգացում է ապրել հայ գեղանկարչությունը 20-րդ դարասկզբից մինչև 1960-70-ական թվականներ։

Գեղանկարչական աշխատանքներից բացի Թադևոսյանի ցուցասրահում տեղ են գտել նաև  փաստաթղթեր, անձնական հետաքրքիր իրեր, որոնք նկարչի մահից հետո ՀԱՊ-ին է նվիրել նրա այրին՝ Ժյուստին Նեֆը։

«Թադևոսյանը շատ ասպարեզներում է իրեն դրսևորել։ Մարտիրոս Սարյանն ասել է, որ երանելի պահ է եղել, երբ հյուր են գնացել Թադևոսյանին, որովհետև նա նվագել է և հետաքրքիր զրուցակից է եղել։ Թադևոսյանը ծանոթ է եղել համաշխարհային երաժշտական լավագույն գործերին, ստեղծագործել է չափածո և արձակ ժանրերում։ Նա նաև լուսանկարում էր, և այստեղ ցուցադրվում է նրա լուսանկարչական ապարատը։ Այստեղ նաև Թադևոսյանի ձեռագրով գրված նրա կենսագրությունն է, որն օգնել է շատ փաստեր ճշտել նկարչի մասին»,-պատմեց Մհեր Աբեղյան թանգարանի ղեկավար Մանուշակ Հովհաննիսյանն ու հավելեց՝ Թադևոսյանն իր ապագա կնոջը հանդիպել է Պոլենովների առանձնատանը։ Ժյուստինը եղել է Պոլենովների երեխաների դայակը։ Ըստ Հովհաննիսյանի՝ նրանց սիրո պատմությունն անչափ գեղեցիկ է և օրինակելի։

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը

Մհեր Աբեղյանի թանգարանը շատ ակտիվ է, այցելուների պակաս չի ունենում։ Մշտական ցուցադրությունից զատ պարբերաբար  դասական և ժամանակակից այլ հեղինակների ժամանակավոր ցուցադրություններ են կազմակերպում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում