Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Բացի այդ, Մոսկվան հույս ունի, որ 2025 թ. ամռանն Ադրբեջանում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիներն ազատ կարձակվեն. այս հարցը կքննարկվի Ադրբեջանի արտգործնախարարի առաջիկա այցի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RTVI-ի հետ հարցազրույցում։
Լրագրողը հարց է ուղղել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում 2025 թ. դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետ կապված փոխհատուցման վճարման մասին. վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29 մարդ ողջ է մնացել։
«Գիտեք, մենք լուծել ենք ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Սակայն այս հարցերը, ինչպես հասկանում եք, վերաբերում են կոնկրետ անձանց, որոնք ապրել են սարսափելի ողբերգություն, որոնք կրել են անդառնալի կորուստ։ Այնպես որ, անկեղծ ասած, ես չէի ցանկանա այստեղ մանրամասնել», - ասել է փոխնախարարը։
Գալուզինը նաև նշել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մոտ ապագայում կայցելի Մոսկվա, չնայած այցի ժամկետները դեռ հստակ չեն։ Նա նշել է, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հարց կդրվի Բաքվում 2025 թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակման մասին։
«Այս հարցը քննարկվում է Ռուսաստանի և Ադրբեջանի համապատասխան պրոֆիլային կառույցների միջոցով, և մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները շուտով ազատ կարձակվեն», - հավելել է Գալուզինը։
Ձերբակալված ռուսաստանցիների թվում էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, որոնք 2025 թ. հոկտեմբերին ազատ են արձակվել։ Ձերբակալվել են նաև ծրագրավորողներ և մի քանի զբոսաշրջիկ, որոնք ԶԼՄ-ների և ՏՏ ոլորտի հետ առնչություն չունեն։ Նրանցի մի քանիսը մեղադրվում են Իրանից թմրամաքսանենգության և կիբեռհանցագործությունների համար։ Ձերբակալությունները կատարվել են Եկատերինբուրգում ՌԴ իրավապահների կողմից ադրբեջանցիների ձերբակալություններից հետո, որոնց ընթացքում 2 մարդ էր մահացել։
Հարցազրույցի ընթացքում Գալուզինն անդրադարձել է նաև Բաքվում Ռուսական տան փակմանը։ Նա նշել է, որ ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի հետ կապված բարդ խնդիրների լուծումից հետո կողմերի շահերին կհամապատասխաներ հարաբերությունների լիարժեք վերականգնումը, այդ թվում՝ Ռուսական տան բացումը։