«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին:
Միջոցառման շրջանակում կայացած քննարկումներն անցկացվել են «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ համաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգծել են, որ ներկայիս միջազգային իրադրության համատեքստում դատափորձագիտական գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցավորության դեմ պայքարի կարևորագույն տարրերից մեկը: Շեշտվել է նաև, որ միասնական փորձագիտական միջավայրի ձևավորումը հնարավորություն է տալիս մասնագետների փոխգործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի:
Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հետևյալ առաջնահերթ ուղղություններին․ փորձագիտական գործընթացների թվայնացում, մոտեցումների ստանդարտացում, ոլորտային համագործակցության մարմինների հետ փոխգործակցության սերտացում:
Համաժողովին ստորագրվել են մի շարք որոշումներ։ Մասնակցել են բարձրաստիճան պատվիրակություններ ոչ միայն Հայաստանից և Ռուսաստանից, այլև՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Բելառուսից և Ղրղզստանից։
ՀՀ փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը հանդիպման մյուս մասնակիցների հետ համատեղ ստորագրել է համագործակցությանն առնչվող մի շարք որոշումներ, որոնք կոչված են ամրապնդելու և իրավական հիմքերի վրա դնելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են նաև մասնագիտական փոխանակմանը, փորձագիտական հետազոտությունների մեթոդաբանության համակարգմանն ու միասնականացմանը (ունիֆիկացմանը), կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի զարգացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական համաժողովների ու գիտահետազոտական աշխատանքների անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բացի այդ, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդի հերթական նիստը 2027 թվականին անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում: