Իրան

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

2 րոպեի ընթերցում

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Իրանի դեմ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցի վրա հարձակումը չի իրականացվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

Լրագրողները խնդրել են պարզաբանել՝ արդյոք Թրամփը ծանոթ է Մինաբի դպրոցի վրա հարձակման հանգամանքների հետաքննությանը, որը վարում է Պենտագոնը։ Նախագահը նշել է, որ չի տեսել արդյունքները և պետք է սպասի, մինչև հետաքննությունն ավարտվի։

«Չեմ կարծում, թե այդ խնդիրը երբևիցե կլուծվի, և կպարզվի, թե ում մեղքով է դա եղել, քանի որ ամենուր հրթիռներ էին թռչում։ Տեղի ունեցածը սարսափելի է, բայց ամենուր հրթիռներ էին։ Ինչ-որ մեկն ասաց, որ դա մեր հրթիռն էր…. Ես չեմ կարծում, որ դա մենք ենք եղել։ Ես այդպես չեմ կարծում», - ասել է ԱՄՆ ղեկավարը։

Նա խնդրել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պատասխանի հարցին։ Հեգսեթը նշել է, որ իրենք շատ լրջորեն զբաղվում են հետաքննությամբ, և երբ ժամանակը գա, ինչպիսին էլ լինի արդյունքը, ամեն բան կհրապարակվի։

Փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, հարձակման էր ենթարկվել Մինաբում գտնվող օրիորդաց դպրոցը։ Զոհվել էր 175 մարդ, այդ թվում՝ 168 աշակերտուհի, ևս 95-ը վիրավորվել էին։ Հետագայում հայտարարվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռային բեկորները կրում են ամերիկյան զինամթերքի մակնշում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում