Հայաստանում անտառների վերականգնումը շարունակվում է. պետական և միջազգային ծրագրերով ավելացել են անտառապատման ծավալները

5 րոպեի ընթերցում

Հայաստանում անտառվերականգնման և անտառապատման միջոցառումները 2026 թվականին կիրականացվեն ավելի քան 450 հա տարածքում։ Աշխատանքները կիրականացվեն ինչպես պետական բյուջեի, այնպես էլ վնասի փոխհատուցման պայմանագրերի և միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը նշել է, որ Հայաստանում անտառների վերականգնման և ընդլայնման գործընթացները շարունակվում են պետական և միջազգային համագործակցության շրջանակում՝ նպատակ ունենալով բարձրացնել անտառածածկի մակարդակը, ուժեղացնել էկոհամակարգերի դիմակայունությունը և բարելավել շրջակա միջավայրի վիճակը։

Այս համատեքստում «Հայանտառ»-ի ղեկավարը ներկայացրել է վերջին չորս տարիներին իրականացված անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ընդհանուր պատկերը.

«Կատարվել են անտառմշակույթների հիմնադրում տնկման և ցանքսի միջոցով՝ 1046.59 հա, այդ թվում՝ 218.1 հա՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերով և 251.48 հա՝ անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման և այլ պայմանագրերի շրջանակներում, կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 264 հա, այդ թվում՝ 11 հա՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերով, բնական վերաճի օժանդակում՝ հանքայնացման միջոցով՝ 90 հա, անտառվերականգնում տնկման և ցանքսի միջոցով՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 360.3 հա»։

Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները դիտարկվում են որպես անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման փոխկապակցված բաղադրիչներ և իրականացվում են հաստատված անտառկառավարման պլանների հիման վրա։

Անտառապատման գործընթացը երկարաժամկետ բնույթ ունի, և ձևավորված անտառմշակույթների լիարժեք զարգացումը պահանջում է շուրջ մեկ տասնամյակ հետևողական խնամք և բնական աճի փուլերի անցում։ Վերջին տարիների տնկարկներից անտառի շարքեր տեղափոխված անտառմշակույթներ դեռևս չկան։

Միրզոյանի խոսքով՝ անտառային զանգվածի ձևավորումը տեղի է ունենում տնկումից միջինում 7-10 տարվա ընթացքում, և միայն այդ փուլից հետո է հնարավոր խոսել տարածքի՝ որպես անտառ ձևավորման մասին։ Բավարար խնամքի դեպքում հնարավոր կլինի 2030 թվականից սկսած զգալի ծավալով անտառմշակույթներ տեղափոխել անտառի շարքեր։

Ներկայում տնկված անտառմշակույթների պահպանվածության միջին ցուցանիշը կազմում է 50-65 տոկոս, ինչը պայմանավորված է ինչպես կլիմայական և հողային առանձնահատկություններով, այնպես էլ խնամքի և ջրային ռեսուրսների հասանելիությամբ։ Մասնագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշը բնորոշ է անտառապատման ծրագրերի սկզբնական փուլերին և պահանջում է շարունակական խնամք, լրացուցիչ աշխատանքներ և պաշտպանական միջոցառումներ։

Անտառապատման տարածքների ընտրությունը կատարվում է անտառկառավարման պլանների հիման վրա՝ հաշվի առնելով դեգրադացված տարածքների վերականգնման անհրաժեշտությունը, բնապահպանական ազդեցությունը, հողային և կլիմայական պայմանները, ինչպես նաև երկարաժամկետ պահպանման հնարավորությունները։ Յուրաքանչյուր տարածք նախապես գնահատվում է՝ ապահովելու տնկարկների արդյունավետ զարգացումը։

Տնկված ծառերի խնամքն ու պահպանումը կազմակերպվում է սահմանված նորմատիվների համաձայն և ներառում է հողի մշակություն, ոռոգում, լրացուցիչ տնկում, վնասատուների դեմ պայքար և պաշտպանական միջոցառումներ։ Գործընթացը իրականացվում է պետական բյուջեի և միջազգային ծրագրերի համաֆինանսավորմամբ՝ առկա ֆինանսական հնարավորությունների շրջանակներում։

Ծրագրերում շարունակվում է նաև համայնքային ներգրավվածությունը։ Անտառամերձ բնակավայրերի բնակիչները ներգրավվում են աշխատանքներում պայմանագրային հիմունքներով՝ մասնակցելով թե՛ տնկման, թե՛ խնամքի փուլերին։ Վերջին տարիներին շուրջ 50 հազար տնկի է փոխանցվել համայնքների կանաչապատման նպատակներով, ինչը նպաստում է տեղական մակարդակում կանաչ տարածքների ավելացմանը և համայնքային մասնակցության ընդլայնմանը։

«Ընդհանուր գնահատմամբ՝ իրականացվող անտառապատման և անտառվերականգնման ծրագրերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող են զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի անտառածածկի ավելացման վրա՝ ապահովելով ինչպես նոր անտառների ձևավորում, այնպես էլ գոյություն ունեցող անտառային տարածքների վերականգնում և կայունացում»,- եզրափակել է Միրզոյանը։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր

Գեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվում

Կառավարությունը մեկնարկում է Իջևանում ֆուտբոլի նոր մարզադաշտի նախագծման գործընթացը

Ամենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնում

ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի հարցին՝ ինքը կա, թե չկա. Նիկոլ Փաշինյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Կառավարությունը կմեղմի ինտենսիվ այգեգործության ծրագրի շահառուների վարկային պարտավորությունները

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե