Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
2 րոպեի ընթերցում

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որով սահմանափակվում է վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման ժամկետը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխության համաձայն՝ վարչապետ չի կարող ընտրվել այն անձը, որը նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է ընդհանուր առմամբ առնվազն 8 տարի՝ ներառյալ ընդմիջումներով պաշտոնավարումը։
Փոփոխությամբ սահմանվում է, որ 8 տարվա ժամկետի հաշվարկում ներառվում է 1990 թվականի մայիսի 2-ից հետո սկսված վարչապետական պաշտոնավարումը։
Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Տիսա» կուսակցությունը։ Այն հունիսի 15-ին հավանության էր արժանացել խորհրդարանի կողմից։
Փոփոխությունն իրավական առումով բացառում է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի վերադարձը կառավարության ղեկավարի պաշտոնին։ Օրբանը Հունգարիայի վարչապետ է եղել 1998-2002 թվականներին, ապա՝ 2010-2026 թվականներին։
Նախագահական պալատից հայտնել են, որ հանրապետության նախագահը արձանագրել է՝ Սահմանադրության փոփոխությունը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին, և նախնական սահմանադրական վերահսկողության ընթացակարգ նախաձեռնելու հիմքեր չկան։
Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ դրա նպատակն է պաշտպանել իրավունքի գերակայության և ժողովրդավարության սահմանադրական սկզբունքները։
Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը քննադատել է որոշումը՝ այն որակելով անձնավորված և հետադարձ ուժ ունեցող կարգավորում։