Կառավարությունը 1,5 մլրդ դրամից ավելի գումար կհատկացնի համայնքներում նոր ծրագրեր իրականացնելու համար
2 րոպեի ընթերցում

Կառավարությունն ընդունեց սուբվենցիոն ծրագրերի համար գումար հատկացնելու որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ 13 համայնքներում 16 ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 634 միլիոն դրամ բյուջեով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաֆինանսավորման ծրագիրը Կառավարության կողմից հավանության արժանացավ հունիսի 18-ի հերթական նիստում։
Սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել 13 համայնքների 16 սուբվենցիոն ծրագրեր։ Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, Արարատի մարզ՝ 3 ծրագիր, Արմավիրի մարզ՝ 4 ծրագիր, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր, Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր»,-մանրամասնեց Խուդաթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թվարկեց այն ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են փաթեթով։
Վարչապետն այս ծրագրերի շարքում հատկապես կարևորեց բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքները և այդ համատեքստում նաև բնակարանների էներգախնայողության մակարդակի բարձրացումը։
Նա շեշտեց, որ էներգախնայողությանն, ընդհանրապես, Կառավարության ծրագրերում պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ օգտագործելով նաև այդ ոլորտում այլ երկրներում առկա փորձառությունը։
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի միջոցով իրականացված և իրականացվող աշխատանքների ծավալները գնալով մեծանում են։ Վարչապետի խոսքով՝ սուբվենցիոն համակարգը Կառավարության ամենահաջողված նախագծերից է, և ակնհայտ է, որ այդ ծրագրերը էականորեն վերափոխել են ՀՀ բոլոր համայնքները։
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությանն ու դրանց ծավալների աճին՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնեց, որ այժմ կան շուրջ մեկ տասնյակից ավելի համայնքներ, որոնց միայն ասֆալտապատման հայտերը գերազանցում են 3, 4 միլիարդ դրամը, և դրանք ներկայացվել են միայն 2026 թվականի համար։