ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության Գլխավոր համաժողովին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակում կայացած վարչական նիստում քննարկվել և ամփոփվել են ՀՄՆԿ-ի 2025 թվականի գործունեության արդյունքները, հաստատվել են 2027 թվականի աշխատանքային տարվա բյուջեն և աշխատանքային ծրագիրը։
Նիստի ընթացքում նաև անցկացվել են ՀՄՆԿ Գործադիր խորհրդի ընտրությունները, որոնց արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ընտրվել է կազմակերպության Գործադիր խորհրդի անդամ։
«Այս կարևոր ձեռքբերումը հնարավորություն կտա Հայաստանի հարկային վարչարարությանը առավել ակտիվ մասնակցություն ունենալ կազմակերպության ռազմավարական որոշումների կայացման գործընթացում, նպաստել անդամ երկրների միջև համագործակցության խորացմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանը»,– նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
30-րդ Գլխավոր համաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև պանելային քննարկում՝ նվիրված հարկային մարմինների առջև ծառացած ներկայիս և ապագա մարտահրավերներին։
Քննարկմանը մասնակցել են ՀՄՆԿ անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարները։ Պանելային քննարկման ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով իր տեսլականը միջազգային հարկային համակարգում ՀՄՆԿ դերի, առաքելության, ինչպես նաև հետագա ամրապնդման, ռազմավարական տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսակետը։