2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները 2025-ին ավելացել են 135 տոկոսով․ Փաշինյան
2 րոպեի ընթերցում
2017 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 135 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման համատեքստում կարելի է արձանագրել, որ Հայաստանը կարևոր շրջադարձային գիծ է անցել։
«2017 թվականի համեմատ մենք պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 135 տոկոսով։ Սա նշանակում է, որ կարող ենք արդեն վստահ պնդել՝ հեղափոխությանը հաջորդած 8 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկվել են»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պարզաբանեց, որ 2017 թվականը համեմատության համար ընտրվել է որպես ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդած վերջին տարի։
Նրա խոսքով՝ 2024 թվականին ևս ֆորմալ առումով կարելի էր խոսել հարկային եկամուտների կրկնապատկման մասին, քանի որ դրանք 2017 թվականի համեմատ ավելացել էին 106 տոկոսով, սակայն, ըստ վարչապետի, այդ գնահատման մեջ որոշակի ֆորմալություն կար, քանի որ հարկային եկամուտները դիտարկելիս՝ պետք է հաշվի առնել նաև գնաճի ազդեցությունը։
«2017 թվականից հետո գրանցված գնաճի ամբողջ ցուցանիշը հանած՝ կարող ենք ասել, որ 2025 թվականն այն տարին է, երբ բոլոր պարամետրերով 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները կրկնապատկել ենք»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ սա ոչ միայն թվային ցուցանիշ է, այլև ունի կարևոր տնտեսական բովանդակություն։ Նա ընդգծեց, որ հարկային եկամուտների աճի հիմքում առաջին հերթին տնտեսության աճն է։
Վարչապետը նաև նշեց, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի համախառն ներքին արդյունքը ևս ավելի քան կրկնապատկվել է։
«Սա շատ էական ցուցանիշ է և ցույց է տալիս մեր տնտեսության կշիռը»,- ասաց Փաշինյանը։