Հայաստանում վերջին ութ տարիներին մշակույթի և սպորտի ոլորտի պետական ֆինանսավորումը շարունակական աճել է

5 րոպեի ընթերցում

Մշակույթի ոլորտում 2018 թվականի համեմատ պետական ֆինանսավորման նկատելի աճ է գրանցվել՝ 12.5 միլիարդ դրամից 2025 թվականին հասնելով 19.7 միլիարդ դրամի՝ աճելով կազմել է 58 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս մասին ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում:

Նրա խոսքով՝ 2026 թվականին ոլորտում նախատեսված է 23.4 միլիարդ դրամ, ինչը 19 տոկոսով ավելի է նախորդ տարվա նկատմամբ:

Մշակույթի ոլորտում կարևոր աշխատանքները մատնանշելով՝ նախարարն առանցքային ուղերձը համարել է մշակույթի տնտեսականացումը։

 «Մենք վստահ ենք, որ մշակույթի ոլորտն ունի շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու հանրային և տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչ։ Թատերահամերգային ոլորտի ֆինանսավորման նոր մոդելի ներդրումից հետո ոլորտում սեփական եկամուտների նկատելի աճ է գրանցվել: Նոր մոդելի անցած կազմակերպությունների սեփական եկամուտների տարեկան աճը մինչև 35 % է կազմում, որի շնորհիվ նաև մինչև 50 % աշխատավարձերի բարձրացում ունենք. ընդհանուր առմամբ՝ թատրոնների սեփական եկամուտները 2025 թվականին աճել են 1.75 միլիարդ դրամով կամ 152%-ով՝ 2022 թվականի նկատմամբ։ Մոտավորապես նմանատիպ աճ են գրանցել նաև համերգային կազմակերպությունների ցուցանիշները»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ առանձնակի թափով է իրականացվում մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականությունը, որի ցուցիչն է անցկացվող միջոցառումների մասին հանրային արձագանքը:

Մշակութային ժառանգության ոլորտում նախորդ տարի իրականացվել են 19 հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ, 14 հուշարձանների նախագծման և փորձաքննության, 5 հուշարձանների պեղումներ. նախորդ տարի 1.4 միլիարդ դրամ է հատկացվել այս ուղղությամբ, որը գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը 72.9%-ով:

Նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել է երկու հուշարձան՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան», ինչը, նախարարի դիտարկմամբ,  մշակութային ժառանգության հանրահռչակման և միջազգային տեսանելիության բարձրացման հետևողական քաղաքականություն է:

Նախորդ տարի 351 ցուցահանդեսներ են կազմակերպվել, այդ թվում՝ 18 միջազգային ցուցադրություններ: Մշակութային արժեքների ձեռքբերման պետական ծրագրի շրջանակում ավելի քան 332 միլիոն դրամ է հատկացվել տարբեր թանգարանների: Ըստ այդմ՝ Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից ձեռք է բերվել 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը: Մատենադարանի համար ձեռք է բերվել 12-րդ դարի մեծանուն գործիչ Սարգիս Շնորհալու աշխատությունը, Հայաստանի ազգային պատկերասրահի համար՝ Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը: Սա, ըստ Անդրեասյանի, վառ վկայություն է, թե ինչպես է պետությունը տեր կանգնում իր մշակութային ժառանգությանը:

Երիտասարդության ոլորտում առանցքային ձեռքբերումը «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հաստատումն է՝ ձևավորելով երիտասարդական հստակ քաղաքականություն: Ոլորտում մեծացել են ծախսերը, սահմանվել է նաև կապիտալ բաղադրիչ՝ երիտասարդական կենտրոնների ստեղծման ուղղությամբ:

«Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ երիտասարդական կենտրոնները դառնում են մարզերում երիտասարդների կարողությունների զարգացման, նրանց ինտելեկտուալ ժամանցի ամենակարևոր միջավայրերից մեկը: Դրա ավելի երկարաժամկետ արդյունքները շարունակելու ենք դիտարկել մեր առաջիկա տարիներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ եթե 2018 թվականին սպորտի ֆինանսավորումը եղել է 2.3 միլիարդ դրամ, ապա 2025 թվականին այն կազմել է 8.4 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 3.7 անգամ։ 2026 թվականի բյուջեով նախատեսվել է արդեն 13.4 միլիարդ դրամ, ինչը 2025 թվականի համեմատ շուրջ 60 տոկոսով ավելի է։

Նա հատկապես կարևորել է, որ աճել է ոչ միայն բարձր նվաճումների սպորտի, այլև մասսայական սպորտի ֆինանսավորումը։ Մասսայական սպորտի ծախսերը 2018 թվականի համեմատ աճել են շուրջ 5.7 անգամ։

«Այս ուղղությամբ իրականացվող ծախսերը նպատակ ունեն նպաստելու առողջ ապրելակերպի տարածմանը և քաղաքացիների համար սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը, այդ թվում՝ սպորտային ենթակառուցվածքների զարգացման, կառուցման և վերակառուցման միջոցով»,- ասել է Անդրեասյանը։

Հայերեն

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքները մեկնարկը տրված է

Հանրապետության 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմում է գրեթե 100 տոկոս