Բելգիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

4 րոպեի ընթերցում

Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է. 

«Մեծարգո վարչապետ,

Բելգիայի կառավարության անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և հայ ժողովրդի կողմից Ձեզ վստահության վերահաստատման առիթով։

Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և ինստիտուտներին։ Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին իրենց լայն մասնակցության և իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար։ Նրանց ընտրությունը վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարական ուղին այն ժամանակ, երբ ժողովրդավարությունը, կայունությունը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ավելի կարևոր են, քան երբևէ։

Ես հատկապես ուրախ էի հանդիպել Ձեզ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեր շփումը հիանալի հնարավորություն ընձեռեց վերահաստատելու Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամությունը և մեր համատեղ հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Ես նաև ջերմությամբ եմ հիշում Բելգիայի դեսպանատան մեր համատեղ բացումը Երևանում։

Դա մի կարևոր իրադարձություն է, որն արտացոլում է մեր երկկողմ հարաբերությունների խորացումը և Բելգիայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։

Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունն առաջիկա տարիներին, մասնավորապես՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության աջակցության գործում։ 

Բելգիան շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ իր գործընկերության ամրապնդմանը և մեր համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, նորարարությունը, կրթությունը և մարդկանց միջև փոխանակումները»։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ 

Այս պահին ընթանում է ձայների վերահաշվարկ, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։ 

Հայերեն English Español Русский

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres