Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել է, որ վերջին օրերին Օմանի ափերի հնդկական նավերը հարձակման են ենթարկվել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է ԱԳՆ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Երբ Պալաուի դրոշի ներքո նավարկող MT Settebello տանկերի վրա հարձակում տեղի ունեցավ, մենք խիստ բողոք հայտնեցինք ամերիկյան կողմին։ Մենք կանչել ենք ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին, տեղեկացրել նրան հարձակումների թվի աճի վերաբերյալ մեր խորը մտահոգության մասին և հայտնել մեր բողոքը։ Այս հարձակումները իրականացվել են տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից», - ասել է նա։
Ջայսվալը նշել է, որ այս միջադեպերում ներգրավված երեք նավերն էլ օտարերկրյա դրոշի տակ են նավարկում։ «Դրանք հնդկական սեփականություն չեն», - ընդգծել է նա։
Վերջին օրերին Հնդկաստանի քաղաքացիներով անձնակազմ ունեցող երեք նավեր ենթարկվել են հարձակումների Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Հունիսի 8-ին Հնդկաստանի ծովափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ փրկել է անձնակազմի 24 հնդիկ անդամների՝ Պալաուի դրոշի տակ գտնվող տանկերից մեկից, որը հրթիռային հարվածի էր ենթարկվել Օմանի ափերի մոտ։
Հաջորդ օրը մեկ այլ՝ Settebello անունով նավը, որը ևս նավարկում էր Պալաուի դրոշով և որի վրա կրկին եղել են 24 հնդիկ նավաստիներ, հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից Օմանի ծոցում։ Հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել էր։
Հունիսի 11-ին հաղորդվել է նաև MT Jalveer առևտրային նավի վրա հարձակման մասին, որը նավարկում էր Գվինեայի դրոշի ներքո։ Հարձակման հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Նավի անձնակազմի բոլոր 20 հնդիկ անդամները փրկվել են։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել առևտրային նավերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները Մերձավոր Արևելքում և վերականգնել միջազգային ջրերում ազատ ու անխափան նավարկությունը։