Փաշինյանը Կառավարությանն առաջարկում է ունենալ հստակ առաջնահերթություններ և անշեղորեն շարժվել դրանց իրագործման ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է և պետության վերելքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 11-ին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նիստի մասնակիցներին խորհրդարանական ընտրությունների անցկացման առթիվ։

«Պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է, և մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Մենք արդեն կսկսենք Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որն, իհարկե, նոր Կառավարության ձևավորումից հետո պետք է հաստատվի Ազգային ժողովում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նաև լավ լուր համարեց այն, որ նախկին երկու ընտրությունների դեպքերում այսքան ժամանակ չեն ունեցել ո՛չ Կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու համար, որովհետև նախորդ երկու ընտրությունները եղել են արտահերթ։  

«Կարծում եմ, որ հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է մեր գործողությունների և անելիքների շարունակականությունը, և դրա համար այս փուլում կարևոր է նախորդող շրջանն ամբողջությամբ վերլուծել և հասկանալ, թե ինչն է, որ պետք է առավել ակտիվացնել և ինչից է, որ պետք է հրաժարվենք, և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում և պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք»,-ընդգծեց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ իր կողմից առաջարկվել է նոր գաղափար, որով Կառավարությունն իր առաջիկա ծրագրում ունենա առաջնահերթությունների հստակ ցանկ։

«Կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, ինչպես, օրինակ, նախորդ Կառավարության ծրագրում հստակ նշված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, և մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա և արդյունք արձանագրեցինք։ Հիմա մենք պետք է ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, որպեսզի մենք ամենօրյա աշխատանքում կարողանանք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կենտրոնացած մնալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին նաև այլ քաղաքական ուժեր։

ԿԸՀ-ն մի քանի քաղաքական ուժերի հիման վրա վերահաշվարկ է իրականացնում ավելի քան 7 տասնյակ ընտրատեղամասերում։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին։ 

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել