10 րոպեի ընթերցում
Բելգիայի հայտնի հայերը. Կարոլին Սաֆարյանի պատմությունը
Հայկական ինքնության, դրա փոխանցման անհրաժեշտության և ընտանեկան լռության միջև բելգահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանը տարիներ շարունակ ստեղծում է մի արվեստ, որը խորապես սնվում է հիշողությունից։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում դերասանուհի և դրամատուրգ Կարոլին Սաֆարյանն անդրադառնում է իր ինքնությանը, ընտանեկան պատմությանը, լռության ծանրությանը, ինչպես նաև իր վերջին ստեղծագործության՝ «Մոռացվածների վալս»-ի ծնունդին, որը ներշնչված է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններով։
«Իմ ինքնությունը բազմաթիվ բաների խառնուրդ է։ Եվ այն փոխվում է։ Այն շատ տարբեր է այն ամենից, երբ ես 20 տարեկան էի։ Այն ձևավորվել է փորձառությունների, բայց նաև այն որոնման միջոցով, թե ինչ է նշանակում լինել հայ»։
Կարոլին Սաֆարյանի համար այդ ինքնության որոնումը նախ սկսվել է հայերի ողբերգական պատմության մեջ խորասուզվելուց։
«Ես սկսեցի հայերի ցավը, Ցեղասպանությունը, էթնիկ զտումները ուսումնասիրելուց։ Հետո կամաց-կամաց փորձեցի հասնել հայկական ինքնության ավելի լուսավոր կողմին»։
Ցեղասպանության հիշողության հետևում նա բացահայտել է նաև «արվեստագետների, երաժիշտների, պատմող մարդկանց»։ «Խնդիրն այն է, որ ողբերգությունները վերջիվերջո դառնում են ժողովրդի ինքնության մի մասը։ Եվ մարդիկ մոռանում են, որ դրանից այն կողմ էլ ինչ-որ բան կա»։
Իր հայ լինելու գիտակցումը, ինչպես ինքն է ասում, տեղի է ունեցել երկու կարևոր պահի արդյունքում։ Առաջինը քաղաքական էր։
«Բելգիայում թուրքական ծագում ունեցող մի քաղաքական գործիչ խոսեց «այսպես կոչված հայկական ցեղասպանության» մասին։ Դա ինձ խորապես ցնցեց։ Կարծում եմ՝ հենց այդ պահին ես ամբողջովին զգացի, որ հայ եմ»։
Երկրորդը կապված էր թատրոնի հետ՝ Rwanda 94 ներկայացումը, որը նվիրված էր Ռուանդայի ցեղասպանությանը։
«Ներկայացման մեջ շատ էին Հոլոքոստի մասին հիշատակումները, բայց ոչ հայկական ցեղասպանության։ Եվ ես մտածեցի՝ բավական է, որ հայերի մասին նույն կերպ չեն խոսում»։
Թեև հայկական հարցը տանը քիչ էր քննարկվում, Կարոլինը մեծ կարևորություն է տալիս ծնողներից ստացած բաց մտածողությանը։
«Ծնողներս շատ կարդացած մարդիկ էին, շատ երաժշտություն էին լսում, հետաքրքրվում էին ամեն ինչով։ Հայրս լսում էր ջազ, դասական երաժշտություն, փոփ… Տանը միշտ բաց միտք կար»։
Նրա հայրը հայ էր, ծնված Բելգիայում, լիովին ինտեգրված։
«Հայրս կատարյալ նիդեռլանդախոս էր, աշխատում էր ապահովագրության ոլորտում, մեծ համբավ ուներ։» Բայց այդ ինտեգրման հետևում հայկական թեման գրեթե չէր քննարկվում։
«Ավելի շուտ ես ու եղբայրս՝ Վալերին բացեցինք այդ դուռը»։
Այդ ճանապարհը հետագայում դարձել է մի շարք ներկայացումների հիմք՝ Blackout, Papiers d’Arménie, Last Minute in Erevan և այժմ՝ «Մոռացվածների վալս»-ը։
Նրա ստեղծագործության կենտրոնում անընդհատ վերադառնում է ընտանեկան լռության թեման։ «Ես հորիցս շատ լռություն եմ ստացել։ Իսկ լռությունը շատ ուժեղ բան է։ Այն կարող է իր մեջ պարունակել անհանգստություններ, վախեր, երևակայություններ»։
Կարոլինը պատմում է հոր մասին, որը չէր կարողանում այլ կերպ փոխանցել իր անցյալը։ «Կարծում եմ՝ նա պարզապես ունակ չէր փոխանցելու ուրիշ բան, բացի լռությունից»։ Սակայն այդ լռության մեջ կային նաև արժեքներ։ «Նա ինձ փոխանցել է աշխատանքի արժեքը, ազնվությունը։ Շատ ամուր արժեքներ, որոնք հաստատ կապված էին հայկական մշակույթի հետ։ Բայց այդ ամենի շուրջ մեծ լռություն կար»։
Ինքը Կարոլինը, հակառակը, ընտրել է խոսելը։ «Ես չէի ուզում, որ որդիս ստիպված լիներ քանդել այդ լռությունը»։
Հենց այդ պատճառով էլ ծնվեց Last Minute in Erevan ներկայացումը՝ հայկական հեքիաթների հիման վրա։ «Ես զգում էի, որ ստիպված եմ բառարան հորինել, որպեսզի կարողանամ խոսել այդ ամենի մասին»։
Կարոլին Սաֆարյանի համար գրելը միջոց է անասելին ձևակերպելու։ «Դրանք այնքան անհավատալի պատմություններ են, որ մարդիկ երբեմն դժվարանում են հավատալ դրանց։ Չկա բառապաշար՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել»։ Այդ պատճառով նա դիմում է պոեզիային և հումորին։ «Պոեզիան և հումորը ինձ թույլ տվեցին այլ կերպ խոսել այդ ամենի մասին»։
Նրա պատմությունը նաև ավելի զգայուն է դարձրել նրան խտրականության հարցերի հանդեպ։ «Ֆիզիկապես ես շատ սովորական բելգիական արտաքին ունեմ։ Բայց հաճախ մետրոյում ականատես էի լինում ռասիստական տեսարանների և պաշտպանում էի նվաստացվող օտարերկրացուն՝ իմ «բելգիական դեմքով», մինչդեռ ներսում ես նույնպես օտար էի»։
Ժամանակի ընթացքում այդ հիշողությունը դարձել է ստեղծագործական անհրաժեշտություն։ «Ես զգում էի, որ պետք է արձակեմ այդ հիշողությունը, որովհետև այն ամբողջությամբ խճճված էր ընտանեկան պատմությունների մեջ»։
Ըստ նրա՝ հենց լռությունն է անգիտակցաբար այդ պատասխանատվությունը փոխանցում երեխաներին։
«Անգիտակցաբար երեխաների վրա դրվում է այդ ամենի մասին խոսելու պարտականությունը»։
Մի քանի ներկայացումներից հետո Կարոլինը կարծում էր, թե ավարտել է հայկական թեման։ Հետո սկսվեց ղարաբաղյան պատերազմը։
«Երբ 2020-ին տեսա, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այն տարածաշրջանում, որտեղ իմ արմատներն են սկիզբ առնում, մտածեցի․ «Աստված իմ, հնարավոր չէ, ամեն ինչ նորից է սկսվում»։
Կարոլինի խոսքով՝ 2023 թվականին Լեռնային Ղարանաղում տեղի ունեցած իրադարձությունների հետևում կար «հայկական հետքի լիակատար ոչնչացման ցանկություն՝ ներառյալ մշակութային ժառանգությունը։ «Մենք դա նորից տեսանք՝ ավերված եկեղեցու պատմությամբ»։
Նրան հատկապես ցնցել էին երկու իրադարձություն՝ Բաքվում բացված ռազմական ցուցահանդեսը, որտեղ հայերը ներկայացված էին նվաստացուցիչ կերպարներով, և հայ զինվորական Անուշ Ապետյանի դաժան սպանությունը։
«Այստեղ արդեն գործ ունենք ուրիշի նկատմամբ այնպիսի ատելության հետ, որն այնքան աբսուրդային է, որ ես ինքս ինձ ասացի՝ չեմ կարող լռել»։ Այդ զայրույթից էլ ծնվեց «Մոռացվածների վալս»-ը։
Այս ներկայացմամբ Կարոլին Սաֆարյանը փորձում է ոչ միայն հայերի մասին խոսել, այլ նաև բարձրացնել համընդհանուր անտարբերության հարցը։
«Եթե մենք չենք հետաքրքրվում այսպիսի բաներով, դա թույլ է տալիս, որ դրանք կրկնվեն ուրիշ տեղերում»։ Նա հատկապես քննադատում է միջազգային լռությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
«Այն, ինչ տեղի ունեցավ, գրեթե անցավ այնպես, կարծես ոչինչ չէր եղել։ Եվ դա թույլ է տալիս մյուս բռնապետերին անել նույնը»։ Նա խոսում է նաև լրատվամիջոցների և արևմտյան հասարակությունների վերաբերմունքի մասին։
«Մարդիկ խոսում են Գազայի մասին, վրդովվում են։ Բայց երբ նույնը տեղի է ունենում Ղարաբաղում, դա գրեթե անտեսվում է»։ Հիշում է նաև ռուանդացի ընկերոջ հետ ունեցած զրույցը։
«Նա ասում էր, որ ամենասարսափելին միայն հարձակումները չէին, այլ այն, որ հարևանները՝ նրանք, ում հետ միասին սեղան էին նստում, կաթ ու աղ էին փոխանակում, պարզապես նայում էին և ոչինչ չէին անում»։
Հետո հավելում է․ «Ասում են՝ կա «զինվորական կոշիկների աղմուկը և տնային հողաթափերի լռությունը»։ Եվ Եվրոպայում մենք հաճախ ապրում ենք հենց այդ հարմարավետ լռության մեջ»։
Հայաստան կատարած իր առաջին այցի հուշը մինչ օրս շատ վառ է։ «Շատ սփյուռքահայեր չեն գնում Հայաստան, կարծես, դա հուզականորեն դժվար սահման լինի անցնելու համար։ Իմ եղբայր Վալերին էր, որ մեզ տարավ Հայաստան»։
Հայաստանը նա նկարագրում է որպես «միաժամանակ շատ արևմտյան և ընդհանրապես ոչ արևմտյան երկիր»՝ ռուսական ազդեցություններով և Մերձավոր Արևելքի հարևանությամբ։ «Դա սահմանային, բարդ, բազմաշերտ երկիր է»։ Չնայած ամեն ինչին՝ նա ամենից շատ հիշում է մարդկանց ընդունելությունը։
«Մարդիկ, որոնք երբեմն նույնիսկ չգիտեին, թե ինչպես պետք է ավարտեն ամիսը, մեզ դիմավորում էին լի սեղաններով»։ Եվ, թեև ապրում է հեռու, վստահ է, որ սփյուռքն այսօր կարևոր դեր ունի։
«Կարծում եմ՝ մեր պարտքն է խոսել այս ամենի մասին։ Եթե մենք դա չանենք, մյուսները, գուցե, երբեք այդ հնարավորությունը չունենան»։