Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
2 րոպեի ընթերցում

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 12-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, բռնագանձված Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91 տոկոսի նկատմամբ։
Ըստ դատախազության՝ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, և արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություններ կատարելը։
Ըստ նախաքննության տվյալների, նա կազմակերպել է նշված բնակելի տան արտաքին, ներքին և նկուղային պատերի վնասումը։
«Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ։