Միացյալ Նահանգներ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

3 րոպեի ընթերցում

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ և բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունը՝ առաջիկա շաբաթներին աշխատելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է X-ում։

«Այսօր Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ ես խոսեցի Միացյալ Նահանգների նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Շատ դրական զրույց էր։ Ես շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ առաջիկա շաբաթներին հնարավորինս ակտիվ աշխատելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտությունը վերակենդանացնելու համար», - նշել է նա։

Զելենսկին հավելել է, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, սակայն, ըստ նրա, Եվրոպայում խաղաղությունը նույնպես կարևոր է։

«Մենք հասկանում ենք, թե աշխարհի ուշադրությունը որքանով է կենտրոնացած Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Սակայն Եվրոպայում խաղաղության մեր ընդհանուր նպատակը մնում է օրակարգում։ Մենք քննարկեցինք հեռանկարները Մեծ յոթնյակի գագաթնաժողովի և հունիսին կայանալիք այլ միջոցառումների համատեքստում։ Ես ներկայացրեցի մեր ունեցած տվյալներն այն մասին, թե ինչի է ձգտում Մոսկվան», - ընդգծել է Զելենսկին։

Նա երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի դիրքորոշումների դրական գնահատման համար։

Մեկ այլ գրառման մեջ Զելենսկին նշել է, որ խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և քննարկել ԱՄՆ բանագնացների հետ իր զրույցը և հետագա քայլերի համակարգումը։

ԱՄՆ-ի միջնորդությամբ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները, որոնք վարում էին Ուիթքոֆը և Քուշները, փակուղի են մտել, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացել է Իրանի հակամարտության վրա։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները շարունակում են քննարկել Ուիթքոֆի և Քուշների հնարավոր այցը Կիև, որը, գուցե, տեղի ունենա առաջիկա շաբաթներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում