Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ նա կարող է մնալ առանց աջակցության, եթե կրկին պատերազմի Իրանի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Ըստ պարբերականի՝ Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը պատասխանել է Իրանի հարվածներին։ Ըստ Թրամփի՝ տարածաշրջանի հինգ երկիր կապվել է իր հետ և խնդրել, որ ինքը Նեթանյահուին ստիպի դադարեցնել գործողությունները։
Թրամփը նաև նշել է, որ հունիսի 8-ի առավոտյան ուղերձներ է ստացել իրանական կողմից. նրանք ասել են, որ պատրաստ են դադարեցնել հարվածները, եթե Իսրայելն անի նույնը։ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին և խնդրել նրան ավարտել գործողությունները։
«Ես ասացի. «Բիբի՛, ավելի լավ է զգույշ լինես, այլապես շուտով մենակ կմնաս», - Axios-ը մեջբերում է Թրամփի խոսքերը։
ԱՄՆ նախագահը լրատվամիջոցի հետ զրույցում նաև նշել է, որ Իսրայելը շատ ուշ է տեղեկացրել իրենց հարվածների մասին։
«Նրանք արդեն դրա ճանապարհին էին։ Բայց ես, ի վերջո, սահմանափակեցի դրանք (խմբ.՝ իսրայելական հարվածները)», - նշել է Թրամփը։
Իսրայելցի աղբյուրներից մեկն Axios-ին ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում եղել են տարաձայնություններ, սակայն Նեթանյահուն համաձայնել է դադարեցնել հարվածները, եթե Իրանն այլևս չհարձակվի Իսրայելի վրա։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։
Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել բանակցությունների մասին։ Կողմերը հունիսի 8-ին հայտարարել են, որ դադարեցնում են հարվածները։