Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

9 րոպեի ընթերցում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հունիսի 8-ին կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ աճող աշխարհաքաղաքական լարվածության, մատակարարման շղթաներում առկա խնդիրների և տնտեսական անորոշության պայմաններում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում պետությունների միջև քաղաքական համակարգումն ու սերտ համագործակցությունը։

Նրա խոսքով՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը կարևոր հարթակ է տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովման համար։ Նա նշել է, որ Բաքվում կայացած միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների 10-րդ եռակողմ հանդիպումը, Վրաստանում անցկացված 7-րդ բիզնես համաժողովը և Անկարայում տեղի ունեցած պաշտպանության նախարարների վերջին եռակողմ հանդիպումը վկայում են երեք երկրների միջև գործընկերության համապարփակ և բազմակողմ բնույթի մասին։

Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցությունը տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է։ Նա առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Հարավային գազային միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին՝ ընդգծելով, որ այդ նախագծերի հաջող իրականացումը ցույց է տալիս գործընկերության գործնական և արդյունավետ բնույթը։

Բայրամովի խոսքով՝ էներգետիկ համագործակցությունը եռակողմ գործընկերության հիմնարար ուղղություններից է։ Նա նշել է, որ ներկայում Ադրբեջանը բնական գազ է արտահանում 16 երկիր։ Ըստ նրա՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև բնական գազի առքուվաճառքի համաձայնագրի ժամկետի երկարաձգումը, ինչպես նաև SOCAR-ի և թուրքական BOTAŞ ընկերության միջև «Աբշերոն» հանքավայրի երկրորդ փուլի գազի մատակարարման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կնպաստեն էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժին։ Կողմերը կարևորել են նաև անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, անդրազգային կազմակերպված հանցավորության, կիբեռսպառնալիքների և կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերների պայմաններում ավելի սերտ համակարգումը։

Բայրամովը վերահաստատել է Թուրքիայի թեկնածությանն աջակցությունը COP31 համաժողովի անցկացման նախապատրաստական գործընթացում և հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել եռակողմ գործընկերության զարգացումը հանուն տարածաշրջանի կայուն զարգացման, անվտանգության և բարեկեցության։

Տրանսպորտի և հաղորդակցությունների ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝ Բայրամովը կարևորել է երեք երկրների դերը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։ Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման ավարտը և Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղևորատար երկաթուղային հաղորդակցության վերականգնումը լրացուցիչ խթան կհանդիսանան տարածաշրջանային շարժունակության զարգացման համար։

Նա նաև ընդգծել է TRIPP նախագծի իրականացման և Ադրբեջանի հիմնական տարածքի ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության ապահովման կարևորությունը՝ դրանք դիտարկելով որպես տարածաշրջանային համագործակցության և վստահության ամրապնդման կարևոր տարրեր։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ Ադրբեջանի խաղաղարար նախաձեռնություններն ու վստահության ամրապնդման միջոցառումները նպաստել են կարգավորման օրակարգի առաջմղմանը։

Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և ակնկալում է խաղաղության համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրումը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար ստեղծել է հնարավորությունների հստակ պատուհան։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Անկարան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Նա հավելել է, որ վերջին չորս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին իր հերթին հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան և հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության հնարավորինս շուտ պաշտոնական հաստատման օգտին։

Նրա խոսքով՝ դա կարևոր ներդրում կլինի երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում և կնպաստի տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացմանը։ Բոճորիշվիլին կարևորել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ամբողջական ներուժի օգտագործումը կնպաստի երեք երկրների միջև առևտրաշրջանառության աճին և հետագա տնտեսական զարգացմանը։ Նրա խոսքով՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ունեն համատեղ նոր նախագծերի իրականացման ավելի մեծ ներուժ։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բայրամովը հայտարարել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի շուրջ զարգացումների ազդեցությունը տարածաշրջանի վրա, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ առաջնահերթությունը պետք է տրվի դիվանագիտական և քաղաքական միջոցներին, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը, հրադադարի ապահովմանն ու կայուն խաղաղության հաստատմանը։

Բայրամովը պատասխանել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների վերաբերյալ հարցին՝ նշելով, որ ռազմական հակամարտությունները լուրջ սպառնալիքներ են ստեղծում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև հարևան երկրների և ամբողջ տարածաշրջանի համար։ Նա հիշեցրել է, որ երեք օր առաջ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու բեռնատար նավերի վրա զոհվել են Ադրբեջանի չորս քաղաքացիներ, ևս չորսը վիրավորվել են։

Ադրբեջանի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին և բարեկամ երկրների քաղաքացիներին հեռու մնալ ռազմական գործողությունների գոտիներից և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։

Խոսելով տարածաշրջանային կայունության մասին՝ Բայրամովը հայտարարել է, որ գլոբալ մարտահրավերների և հակամարտությունների պայմաններում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հետևողականորեն հանդես են գալիս միջազգային իրավունքի պահպանման, հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման օգտին։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում առկա կայունությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են երեք երկրների համագործակցությամբ, ինչը նպաստում է նաև Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային ու էներգետիկ կապերի անխափան աշխատանքին։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը։

Հայերեն Русский

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ