Մենք այս մրցաշրջանի լավագույն խաղ ցուցադրած թիմն ենք. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը` չեմպիոնության մասին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանի չեմպիոնը «Արարատ-Արմենիա»-ն է, որը երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 6 տարի անց: Այս մրցաշրջանի սկզբում ակումբը գլխավորեց պորտուգալացի  մասնագետ Մանուել  Տուլիպան, որին հաջողվեց առաջին իսկ մրցաշրջանում նվաճել հայկական Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տուլիպան ամփոփեց մրցաշրջանը, խոսեց իր թիմի ներուժից ու այս մրցաշրջանում մրցակցություն ստեղծող թիմերից:

-Պարոն Տուլիպա, նախ ընդունեք իմ շնորհավորանքները չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպիսի՞ն էր այս մրցաշրջանը Ձեզ համար:

-Հայաստանի առաջնության այս մրցաշրջանը շատ դժվար ստացվեց մեզ համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում աշխատում էինք հենց այս պահի` այս չեմպիոնության համար, սակայն ունեինք շատ բարդ մրցակիցներ: Մեր ֆուտբոլիստները հիասքանչ աշխատանք կատարեցին: Հրաշալի թիմ ունենք, հրաշալի անձնակազմ ունենք «Արարատ-Արմենիա»-ում: Գուցե, չունենք լավագույն ֆուտբոլիստներին, սակայն ունենք լավագույն թիմը:  

-Զարգացման ի՞նչ փուլեր է անցել «Արարատ-Արմենիա»-ն այս մրցաշրջանում, հատկապես մրցաշրջանի առաջին ու երկրորդ հատվածներում:

-Մրցաշրջանի առաջին հատվածը դժվարին էր ու ուժերի մեծ լարում պահանջեց մեզնից: Ես դա տրամաբանական եմ համարում, քանի որ թիմը նոր մարզիչ ուներ, նոր մարզչական շտաբ ուներ և, իհարկե, նոր գաղափարներ կային: Մինչև դեկտեմբեր ամիսը մեզ համար ինչ-որ տեղ հարմարվողականության շրջան էր: Սակայն դրանից անմիջապես հետո ամեն ինչ իր տեղում էր և նորմալ ընթացք ունեցավ: Մրցաշրջանի երկրորդ հատվածն ինձ համար նոր երևույթ էր, քանի որ երբեք նման մեծ դադար չէինք ունեցել մեր աշխատանքի ընթացքում: Մենք ժամանակի կարիք ունեինք, որպեսզի հարմարվեինք աշխատանքային այս ռիթմին: Ինձ համար այս մրցաշրջանը վերլուծելը դժվար չէ, քանի որ մենք այս մրցաշրջանի լավագույն խաղ ցուցադրած թիմն ենք ու լավագույն խաղը ցուցադրում էինք առաջատար թիմերի հետ:

- Արդյոք Դուք տեսա՞ք որակական այն աճն այս թիմում, որն ի սկզբանե ուզում էիք:

-Ընդհանուր առմամբ միայն գոհունակություն պիտի հայտնեմ թիմի ցուցադրած խաղից: Ի վերջո, մենք երկար դադարից հետո հասել ենք մեր երազանքին` դառնալով Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն: Սակայն, ֆուտբոլը երբեք չի կանգնում ու հաջորդ մրցաշրջան համար առավել ուժեղ թիմի ակնկալիքներ ունեմ:

-Իհարկե, հասկանալի է, որ դեռևս ժամանակ ունեք, սակայն ինչպիսի՞ թիմ եք ուզում տեսնել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

-Կարծում եմ դեռ վաղ է Չեմպիոնների լիգայի մասին խոսելու համար: Այժմ պարզապես ուզում ենք փոքրիկ դադար վերցնել ու միայն դրանից հետո ամբողջապես կկենտրոնանանք որակավորման փուլի վրա: Ամեն ինչ անելու եմ, որ բոլորը ճիշտ վերականգնվեն թե՛ ֆիզիկապես, թե հոգեպես, քանի որ մեզ բարդ մրցակիցներ են սպասվում: Բացի Չեմպիոնների լիգայից, մեզ բարդ մրցակցություն է սպասվում նաև Հայաստանի ներքին առաջնությունում:

-Եվ ինչպե՞ս եք հարմարվել Հայաստանում, ի՞նչ տպավորություն ունեք մեր երկրից:

-Հայաստանն իսկապես հրաշալի երկիր է: Մարդկային ջերմությունն էլ ինձ շատ է դուր գալիս: Իմ ընտանիքն էլ իրեն շատ հարմարավետ է զգում ու հենց դա, գուցե, ամենակարևորն է ինձ համար:

-Հաջողություն եմ մաղթում ու շնորհակալություն զրույցի համար:

Հայերեն English Español Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում