Աշխարհ

Կանադան էբոլա վիրուսի պատճառով 21-օրյա ինքնամեկուսացում է սահմանել Կոնգոյից, Սուդանից և Ուգանդայից ժամանողների համար

2 րոպեի ընթերցում

Կանադան էբոլա վիրուսի պատճառով 21-օրյա ինքնամեկուսացում է սահմանել Կոնգոյից, Սուդանից և Ուգանդայից ժամանողների համար

Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ էբոլա վիրուսից տուժած երկրներից ժամանողներն այսուհետ պարտավոր կլինեն ինքնամեկուսանալ 21 օր։ Բացի այդ, երկրի ներգաղթային հարցերով զբաղվող գրասենյակը ժամանակավորապես կասեցնում է Կոնգոյից, Հարավային Սուդանից և Ուգանդայից եկող դիմումների ընդունումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Կանադայի հանրային առողջապահության գործակալության տվյալներով՝ միջոցառումներն իրականացվում են «զգուշության բարձր մակարդակից ելնելով» և ուժի մեջ կմնան մինչև օգոստոսի 29-ը։

Ախտանիշներ ունեցող ուղևորները կուղարկվեն հիվանդանոցներ՝ լրացուցիչ թեստավորման համար։ Ինքնամեկուսանալ չկարողացողներին կտրամադրվի մեկուսացման տարածք։

Կառավարությունը նաև հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության, Հարավային Սուդանի և Ուգանդայի քաղաքացիների ներգաղթի դիմումների վերաբերյալ վերջնական որոշումների կայացման հարցում 90-օրյա դադարի մասին։ Այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել կամ կրճատվել՝ կախված համաճարակաբանական իրավիճակի զարգացումից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Կոնգոյի հյուսիս-արևելքում էբոլայի բռնկումը պայմանավորված է վիրուսի հազվագյուտ տարբերակով և տարածվում է ավելի արագ, քան առողջապահական ծառայությունները կարող են արձագանքել։ Մայիսի 25-ին ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց, որ էբոլա վիրուսի վարակի կասկածելի դեպքերի թիվը գերազանցել է 900-ը, դրանցից 101-ը լաբորատոր հաստատվել է։ Էբոլայի այս վերջին բռնկման հետևանքով մահերի թիվը գերազանցում է 220-ը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում