Տնտեսություն

Միրզոյանը կարևորել է Հայաստանի դերը կիսահաղորդիչների և կրիտիկական մետաղների մատակարարման նոր շղթաներում

3 րոպեի ընթերցում

Միրզոյանը կարևորել է Հայաստանի դերը կիսահաղորդիչների և կրիտիկական մետաղների մատակարարման նոր շղթաներում

Հայաստանը պատմական հնարավորություն ունի դառնալու նոր մատակարարման ճանապարհների և լոգիստիկ ուղիների կարևոր հանգույցներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Նա նշել է, որ այդ ոլորտը հայ-ամերիկյան հարաբերություններում նոր ուղղություն է։

«Ինչ վերաբերում է կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտին, ապա դուք իրավացի եք, սա միանգամայն նոր ոլորտ է, որտեղ Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցություն են սկսում»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համագործակցության հուշագրերից հետո տարբեր ուղղություններով համագործակցությունը սկսել է արագ զարգանալ։

ԱԳ նախարարը հիշեցրել է ենթակառուցվածքների, «TRIPP» ծրագրի, էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ առանձնացնելով նաև ամերիկյան NVIDIA ընկերության մասնակցությամբ գործընթացները, որոնք, նրա խոսքով, կարևոր նշանակություն ունեն «Firebird» ընկերության համար։

Միրզոյանը նշել է նաև, որ ավարտվել են «123» համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, ինչը հնարավորություն կտա սկսել համագործակցություն միջուկային էներգետիկայի ոլորտում։

Նրա խոսքով՝ այժմ համագործակցության նոր ուղղություն է դառնում նաև հազվագյուտ մետաղների ոլորտը։

«Այս հազվագյուտ մետաղները ծայրահեղ կարևոր են շատ կոնկրետ արտադրատեսակների համար, օրինակ՝ չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար։ Մենք հիմա մի շղթա ենք փորձում ամբողջականացնել»,- ասել է նա։

Միրզոյանի գնահատմամբ՝ աշխարհում ներկայում ձևավորվում է մրցակցություն կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և նոր մատակարարման շղթաների շուրջ։

«Հայաստանի Հանրապետությունն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվել այդ նոր մատակարարման ճանապարհներին, դառնալ այդ ճանապարհների լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից մեկը»,- հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ, Հայաստանը և ԱՄՆ-ը շրջանակային հուշագիր էին ստորագրել կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած այցի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում