Ռուբիոն տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացմամբ
2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հայերի և ամերիկացիների համար տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության նոր մակարդակի բարձրացմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարկո Ռուբիոն հայտարարեց Հայաստան կատարած այցի ընթացքում:
«Այսօր, թարմացնելով ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, մենք հնարավորություն ունենք ուրվագծելու ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան և ստեղծելու գործընկերության և տնտեսական հնարավորությունների նոր ուղի, ինչպես հայերի, այնպես էլ ամերիկացիների համար: Պարզ ասած՝ մենք հիմք ենք դնում այնպիսի տնտեսական փոխգործակցության, որը թույլ կտա հայերին գումար աշխատել և բարգավաճել, իսկ ամերիկացիներին անել նույնը, և դա անել միասին, ինչը ազգերին միմյանց կապելու ամենաուժեղ ձևերից մեկն է: Երկկողմ հարաբերություններն ամենալավն են աշխատում, երբ երկու երկրներն էլ առավելություն են տեսնում համատեղ աշխատանքի մեջ, և երբ հարաբերությունները ռազմավարական բնույթ են ստանում: Դա լինում է այն դեպքում, երբ դուք կիսում եք ապագայի ընդհանուր տեսլականը և գիտակցում եք, որ համագործակցելով միմյանց հետ՝ կարող եք օգնել միմյանց միասին հասնել այդ ավելի լավ ապագային»,- նշեց Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը հավելեց, որ ԱՄՆ-ն և Հայաստանը հարաբերությունները զարգացնում են ամենատարբեր մակարդակներում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է և կլինի նրա երկրորդ նախագահության ժամկետի ժառանգության կարևոր մասը:
Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի՝ ստորագրելով երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։