Իրավունք

ՀՀ կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. Տրիբունալը ամբողջությամբ մերժել է Սանիթեք ընկերության հայցը և բոլոր պահանջները

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հաղթել է միջազգային արբիտրաժում. Տրիբունալը ամբողջությամբ մերժել է Սանիթեք ընկերության հայցը և բոլոր պահանջները

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի մայիսի 22-ին  կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։

Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։

Արբիտրաժային տրիբունալը միաձայն վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ամբողջությամբ մերժելով հայցվորների պահանջները։ Տրիբունալն արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։

Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ Հայաստանի կողմից պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։

Տրիբունալը նաև նշել է, որ եթե պետությունը միջոցներ չձեռնարկեր «Սանիթեք»-ին փոխարինելու և ծառայությունների բացը լրացնելու ուղղությամբ, ապա դա կդիտվեր որպես հանրության նկատմամբ իր պարտականությունների չկատարում։

Տրիբունալը անհիմն է համարել նաև հայցվորների այն պնդումը, թե 2018 թվականին կառավարության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները քաղաքական պատճառներով են հանդես եկել «Սանիթեք»-ի դեմ, այլ ոչ թե պայմանագրային հիմքերով։

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Տրիբունալի վճիռը, որը վերահաստատում է, որ պետության կողմից պայմանագրային իրավունքների և իր քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների ողջամիտ իրականացումը չի կարող հանգեցնել միջազգային պատասխանատվության: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում