Երևան

Աղբաորսիչ սարքերի միջոցով Հրազդան գետից մեկ տարում հեռացվել է շուրջ 75 խմ կենցաղային աղբ

2 րոպեի ընթերցում

Աղբաորսիչ սարքերի միջոցով Հրազդան գետից մեկ տարում հեռացվել է շուրջ 75 խմ կենցաղային աղբ

Երևանյան լճի աղտոտվածության նվազեցման նպատակով Հրազդան գետի վրա տեղադրված աղբաորսիչ սարքերի միջոցով մեկ տարվա ընթացքում գետից հեռացվել է շուրջ 75 խորանարդ մետր կենցաղային աղբ։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Աղբաորսիչ ցանցերը տեղադրվել են դեռևս նախորդ տարվանից՝ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների՝ Հրազդան գետի հունային հատվածներում։ Ծրագրի նպատակն է կանխել գետով տեղափոխվող թափոնների կուտակումը և նպաստել մայրաքաղաքի բնապահպանական միջավայրի բարելավմանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանի խոսքով՝ երկու կայանների կառուցման համար քաղաքապետարանը հատկացրել է շուրջ 120 միլիոն դրամ։

«Այս տարի ևս նախապատրաստել ենք նոր մրցույթ․ ևս մեկ աղբաորսիչ կայան կտեղադրվի Արաբկիր վարչական շրջանում՝ գետի հունով ավելի վերև հատվածում»,- նշել է նա։

Քաղաքապետարանից ընդգծում են, որ շրջակա միջավայրի պահպանության գործում կարևոր է նաև քաղաքացիների պատասխանատու վարքագիծը։

«Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ երկու աղբաորսիչ կայանները միասին մեկ տարվա ընթացքում հավաքել են շուրջ 75 խորանարդ մետր աղբ։ Ուզում եմ քաղաքացիներին հորդորել լինել ավելի զգոն և հոգատար բնության նկատմամբ»,- ասել է Սիրարփի Հայկազյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում