Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին. հրապարակվել են ձայնագրություններ

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեն հաղորդագրության հետ մեկտեղ հրապարակել է նաև ձայնագրություններ։

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։

Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում