Մոլդովան և Չինաստանն ամրապնդում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում․ Moldpres
2 րոպեի ընթերցում

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը Պեկինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Սուն Ելիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Չինաստանի քաղաքացիների համար Մոլդովան զբոսաշրջային ուղղությունների ցանկում ներառելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է մոլդովական Moldpres գործակալությունը։
Երկրի Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ բանակցությունները կենտրոնացել են մշակույթի, ժառանգության և զբոսաշրջության ոլորտներում մոլդովա-չինական համագործակցության վրա, քննարկվել են մշակութային փոխանակումների ընդլայնման, համատեղ ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև երկու պետությունների համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունների ամրապնդման հետ կապված թեմաներ։
Միհայ Պոպշոյը Մոլդովայի տեղական ավանդույթները, գաստրոնոմիան, գինու մշակույթը, ժառանգությունը և գյուղական զբոսաշրջությունը ներկայացրել է որպես Չինաստանից այցելուներ գրավելու հիմնական տարրեր։
Կողմերը նաև քննարկել են չինական տուրօպերատորների և զբոսաշրջային հարթակների հետ համագործակցությունը, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետության համար չինական շուկայում գովազդային միջոցառումների կազմակերպումը։
Իր հերթին, չինացի նախարար Սուն Ելին պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը և մշակելու նոր երկկողմ համագործակցության նախագծեր։
Պոպշոյը մայիսի 21-25-ը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։ Այցի նպատակն է ամրապնդել կողմերի երկխոսությունը և խթանել երկու պետությունների միջև տնտեսական, առևտրային, ներդրումային, մշակութային, կրթական և զբոսաշրջային համագործակցությունը։
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։