Իրավունք

Դատախազությունն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Հայաստանի գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

«2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- հայտնեցին Դատախազությունից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ստացել են դատախազի միջնորդությունը, հարցը դռնփակ ռեժիմով կքննարկվի մայիսի 22-ին, ժամը 17։00-ին կայանալիք նիստում։

Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ 

Մայիսի 22-ին ԱԱԾ-ն խուզարկություն է անցրացրել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում և բնակարանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում