Ոստիկանությունը հորդորում է չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։
ՆԳՆ-ն հորդորում է չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին, չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով), չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ ու անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց հեռախոսի հավելվածի միջոցով։