Տնտեսություն

Մեկնարկել են «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ աշխատանքները հայկական ձեռնարկություններում

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել են «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ աշխատանքները հայկական ձեռնարկություններում

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում մեկնարկել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության համատեղ աշխատանքները՝ բուսական և կենդանական ծագման արտադրանք թողարկող հայկական մի շարք ձեռնարկություններում վերահսկողություն իրականացնելու նպատակով, որի շրջանակում առաջիկա օրերին կիրականացվեն ստուգումներ արտադրական օբյեկտներում գնահատելու արտադրանքի համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության սահմանած սանիտարական և բուսասանիտարական պահանջներին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է աշխատանքային քննարկում «Ռոսսելխոզնադզոր» պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցրել են առաջիկա ստուգումների օրակարգը, վերահսկողական գործողությունների ձևաչափը և համագործակցության հիմնական ուղղությունները։

Նախատեսվում է, որ առաջիկա 7 օրերի ընթացքում ստուգումներ կիրականացվեն բուսաբուծական ութ արտադրավայրերում  և ձկնաբուծական չորս ձեռնարկություններում։ Վերահսկողության ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու բուսասանիտարական ռիսկերը:

Կողմերի գնահատմամբ՝ գործընթացը նպատակ ունի ապահովելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսական, կենդանական և ձկնաբուծական արտադրանքի անվտանգությունը և համապատասխանությունը գործող  ԵԱՏՄ պահանջներին և նորմերին։

Նշվում է, որ նախկինում ևս իրականացվել են համատեղ ստուգումներ և առցանց վերահսկողության ձևաչափեր, որոնք նպաստել են արտահանման գործընթացների կարգավորմանն ու համագործակցության խորացմանը։

Վերահսկողական աշխատանքները դիտարկվում են որպես շարունակական գործընթաց, որը միտված է շուկաների կայունության և սննդամթերքի անվտանգության բարձրացմանը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Ծառայության հաղորդմամբ՝ սահմանափակումները կգործեն մինչև հայկական ջերմոցների ստուգման ավարտն ու արդյունքների վերլուծությունը։

Ռուսական կողմը նշել էր, որ որոշումն ընդունվել է բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Հաղորդագրության համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանից ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքում արձանագրվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 135 դեպք, ինչը կազմում է տարվա ընթացքում գրանցված նման դեպքերի ընդհանուր թվի 77 տոկոսը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում