Ռուսաստանի սպառնալիքները Բալթյան երկրների դեմ անընդունելի են. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի սպառնալիքները Բալթյան երկրների դեմ բացարձակ անընդունելի են և սպառնալիք են Եվրամիության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում արած գրառման մեջ։
«Ռուսաստանի հրապարակային սպառնալիքները Բալթյան երկրների դեմ լիովին անընդունելի են։
Թող կասկած չլինի։ Մեկ անդամ պետության դեմ սպառնալիքը սպառնալիք է մեր ամբողջ Միության դեմ»,- շեշտել է նա։
Լայենի խոսքով՝ Ռուսաստանը և Բելառուսը պատասխանատվություն են կրում Արևելյան Եվրոպայի «մարդկանց կյանքն ու անվտանգությունը վտանգող անօդաչու թռչող սարքերի համար»։
«Եվրոպան կարձագանքի միասնությամբ և ուժով։
Մենք կշարունակենք ամրապնդել մեր արևելյան կողմի անվտանգությունը՝ բոլոր մակարդակներում ուժեղ միասնական պաշտպանությամբ և պատրաստվածությամբ»,- եզրափակել է նա։
Վերջին օրերին Բալթյան երկրների օդային տարածքում հայտնվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք անվտանգային սպառնալիք են ստեղծել այդ երկրների համար։ Դրոններից մի քանիսը եղել են ուկրաինական։
Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի վրա հեռահար անօդաչու թռչող սարքերի հարձակումները, այդ թվում՝ Բալթիկ ծովի շրջակայքում։ Մարտից ի վեր մի քանի ուկրաինական ռազմական անօդաչու թռչող սարքեր են մտել ՆԱՏՕ-ի անդամներ և Ռուսաստանի հետ սահման ունեցող Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 20-ին հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը ուշադիր հետևում են Բալթյան երկրների օդային տարածքով թռչող անօդաչու թռչող սարքերի հետ կապված իրավիճակին և մշակում են համապատասխան արձագանք։
Բալթյան երկրները, որոնք ամեն կերպ սատարում են Ուկրաինային, անօդաչու թռչող սարքերի միջադեպերի համար մեղադրել են Մոսկվային՝ ասելով, որ Կիևն իրավունք ունի հարվածել ռուսական ռազմական թիրախներին։