Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Հայաստան» դաշինքի կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպքեր բացահայտելու մասին

2 րոպեի ընթերցում

Բացահայտվել են բարեգործության արգելքի խախտման և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։

Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով»,– ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

«Ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հիշեցնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված  է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,– եզրափակվում է

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում