Բանկերը նոր կարգավորմամբ կկարողանան 1-1.5 տոկոսով նվազեցնել պարտաճանաչ ՓՄՁ-ների դրամային վարկերի տոկոսները

10 րոպեի ընթերցում

Երևանում մայիսի 12-ին կայացած «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը նվիրված էր Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին, այդ ուղղությամբ միջազգային ու տեղական գործընկերների իրականացրած և իրականացվող օժանդակության ծրագրերի ներկայացմանը, նաև առկա խնդիրների և մարտահրավերների քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ընթացքում ֆինանսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները հանգամանորեն անդրադարձան օրակարգում ներառված հարցերին:

Համաժողովի նպատակն էր ներկայացնել գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Գերմանահայկական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացված վարկային ծրագրերի ազդեցությունը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման վրա, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղիներն ու առկա մարտահրավերները։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով միջոցառման տրամաբանությանը, որոշակի դիտարկումներ ներկայացրեց Կենտրոնական բանկի նախաձեռնությունների վերաբերյալ: Նա նշեց, որ ներկայացվող թեմայի վերաբերյալ Հայաստանի տարբեր բնակավայրերում քննարկում-հանդիպումներ անցկացնելու մտահղացումն առաջացել է դեռ նախորդ տարի: Ինքնատիպ այս մարաթոնը մեկնարկել է Արագածոտնի, շարունակվել Սյունիքի և Լոռու մարզերում, հասել՝ Երևան: ԿԲ ղեկավարը կոչ արեց ակտիվորեն մասնակցել քննարկումներին, քանի որ բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները կարևոր նշանակություն են ունենալու իրենց քաղաքականությունը ճշգրտելու և լավացնելու գործընթացում: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հաջողակ ընկերություններին աջակցելու ուղղությամբ:

«Որպես կանոն, Կառավարությունը, նաև մենք միշտ փորձել ենք օժանդակել Հայաստանում խնդիրների բախված ընկերություններին և անհատներին: Այս անգամ էապես փոխել ենք մեր մոտեցումը. մտածում ենք, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է շնորհակալ լինենք և, իմ պատկերացմամբ, աջակցենք նախևառաջ այն ընկերություններին, որոնք ստեղծում են արդյունք, պարտաճանաչ են իրենց գործունեությունում, չունեն որևէ խնդիր բանկային համակարգի հետ և աշխատում են ի բարօրություն մեր երկրի: Բանկերի մեր գործընկերներն արձագանքել են մեր կատարած քայլին, նաև խնդրանքին ու հորդորին և նրանց էական մասն արդեն հայտարարել է, որ նման ընկերությունների համար վարկային տոկոսադրույքները 1-1.5 տոկոսով նվազելու են՝ թե՛ ապագայում տրամադրվելիք, թե՛ գործող վարկերի համար: Դրա արդյունքում, կարծում եմ, նոր խթան կհաղորդենք զարգացման այն ծրագրերին, որոնք մեր հաջողակ փոքր ու միջին ընկերություններն ունեն»,- նշեց Մարտին Գալստյանը:

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ նման ձևաչափով հանդիպումները միտված են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ երկխոսության ծավալմանը, մարտահրավերների և առկա մտահոգիչ խնդիրների արձանագրմանը: Նա ընդգծեց, որ նման հանդիպումները շարունակվելու են:

«Վերջին տարիներին բանկային համակարգը, պետությունը և միջազգային ֆինանսական կազմակերպությունները բավականին մեծ աշխատանք են իրականացրել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման և ֆինանսների հասանելիության մասով, իսկ բիզնեսներն էլ իրենց հերթին կարողացել են ընդլայնել իրենց ներդրումները, ստեղծել աշխատատեղեր և դուրս գալ միջազգային շուկաներ: Սակայն, մեր կարծիքով, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում դեռևս կա շատ մեծ չիրացված ներուժ: Նմանատիպ հանդիպումների արդյունքում որոշումների կայացումը խթանելու է այդ ներուժի առավելագույն իրացմանը»,- ասաց բանախոսը:

Դանիել Ազատյանի ներկայացմամբ՝ Հայաստանում գործունեություն են ծավալում շուրջ 115 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք, ըստ վիճակագրական տվյալների, ապահովում են մեր երկրի հարկային մուտքերի 1/3-րդից մի փոքր ավելին, իսկ տնտեսական աճի կառուցվածքում կազմում են ՀՆԱ-ի շուրջ 35 տոկոսը (Եվրամիության երկրներում այս ցուցանիշը 50-60, իսկ Վրաստանում՝ 45-50 տոկոս է): Նշվեց, որ շուրջ 115 հազար ընկերություններից մոտ 16 հազարը ունեն վարկեր, որոնց քանակը հասնում է 56 հազարի: Իսկ ՓՄՁ-ների ունեցած վարկերի ծավալը շուրջ 2 տրլն դրամ է, որն ընդհանուր բիզնեսին տրամադրված վարկերի շուրջ 60 տոկոսն է:

«Սա վկայում է այն մասին, որ բանկերում առկա է բիզնեսի վարկավորման մեծ ներուժ: Իսկ վճարունակ բիզնեսները կարող են մի քանի վարկեր ձևակերպել»,- նշեց նա:

Ազատյանը հավելեց, որ Կենտրոնական բանկի՝ ապրիլից գործող նոր կարգավորմամբ, առևտրային բանկերն արդեն մայիսից կարող են 1-1.5 տոկոսով նվազեցնել պարտաճանաչ վարկառու ՓՄՁ-ների դրամային վարկերի տոկոսները:

«Մեր տվյալներով՝ այս որոշումն ազդեցություն ունեցավ շուրջ 20 հազար վարկերի կամ ընդհանուր առմամբ 200 մլրդ դրամ վարկային մնացորդի վրա: Բացի այդ, այս փոփոխությամբ՝ բանկերն այսուհետ հնարավորություն կունենան ավելի մեծ ծավալի ռեսուրսներ ուղղել ՓՄՁ վարկավորմանը՝ դրա դիմաց ունենալով ավելի քիչ կապիտալ միջոցներ»,- հայտնեց նա:

Մարտահրավերներից առանձնացվեցին վարչարարական բարդությունները, հաճախակի փոփոխվող պահանջները, վարկավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության խնդիրները:

Միջոցառումն ուղեկցվեց պանելային քննարկումներով, որոնցից առաջինի ընթացքում Մարտին Գալստյանը նշեց, որ բիզնես միջավայրի և երկրի տնտեսության առողջ լինելու պարագայում ավելի հեշտանում է Կենտրոնական բանկի երկու հիմնական խնդիրների լուծումը՝ գների կայունության և ֆինանսական կայունության մանդատի իրագործումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության աճի և կայունության ցուցանիշները կարևոր ազդեցություն ունեն հատկապես ՓՄՁ-ների վրա, որոնք շատ զգայուն են տարբեր տատանումների նկատմամբ:

«Վերջին տարիներին մեր ցուցանիշներն այնքան լավն են, որ հնարավորություն ենք ունեցել բարելավել նաև մեր վարկանիշը: Իհարկե, վարկանիշն ածանցվում է միջազգային շուկայում մեր թողարկած արժեթղթերի տոկոսադրույքներից, որոնք գտնվում են պատմական ամենացածր մակարդակին: Եթե մեր ռիսկի հավելավճարը մի քանի տարի առաջ մոտավորապես 600 բազիսային կետ էր, հիմա 150 բազիսային կետ է: Սա, իհարկե, Կառավարության իրականացրած քաղաքականության և միջազգային իրավիճակի գնահատականն է, որը նաև մատչելի ռեսուրսներ է ստեղծում մեր բանկային համակարգի, նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար: Բայց, կարծում եմ, կա մի խնդիր, որի լուծման ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկա տարիներին. փոքր և միջին ձեռնարկությունների համար չափազանց կարևոր է մրցակցային առողջ միջավայրի ձևավորումը, որովհետև կան վերլուծություններ, որոնցում ասվում է, որ Հայաստանում ռեսուրսները ոչ միշտ են հոսում այնպիսի ուղղություններով, որտեղ կա բարձր արտադրողականություն և նորարարություն»,- նշեց նա:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ Հայաստանի գործարար համայնքի համար ամենակարևոր խնդիրներից է կանխատեսելիությունը:

«Ընդունում ենք, որ օրենսդրական կարգավորումները ու հատկապես հարկային կարգավորումներին վերաբերող փոփոխություններն երբեմն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ մարդիկ պարզապես դրա հետևից չեն հասցնում: Եվ այս փոփոխություններն էլ բերել են այնպիսի իրավիճակի, որ մեզ մոտ հարկային օրենսգիրքը դարձել է մի շատ փոփոխված, տարաբնույթ և հակասող մեկնաբանություններով մեծ փաստաթուղթ, որը հասկանալու համար հատուկ ջանքեր են պետք: Ստացվում է, որ հատկապես փոքր բիզնեսը, որը չունի դրա համար հատուկ ստորաբաժանում պահելու հնարավորություն, հաճախ իր բան ու գործ թողած պետք է հետևի օրենքներին ու ծանոթանա դրանց մեկնաբանություններին: Նախատեսում ենք, օրինակ, հարկային օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություններ, պարզեցում, առաջիկայում նախատեսում ենք ստեղծել աշխատանքի ոճ, որը կենթադրի հարկային կամ օրենսդրական նվազագույն փոփոխություններ: Ինչ վերաբերում է մրցակցությանը՝ վերջին շրջանում բավականին լուրջ աշխատանք ենք կատարել հենց մրցակցային ոլորտի օրենսդրությունը կարգավորելու առումով: Օրենքներ ենք ընդունել, որոնցով պաշտպանում ենք փոքր արտադրողներին՝ մեծ առևտրային ցանցերի հետ հարաբերություններում: Բազում այլ բաներ էլ կան, բայց դրանք պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ են բերում ահագին խնդիրներ, որոնց շուրջ բոլորս միասին պետք է աշխատենք»,- ասաց օրենսդիրը:

Հրայր Նազարյան  

Հայերեն Русский