Քաղաքականություն

«Հանուն Հանրապետության»-ը ընտրությունների գլխավոր հարցը համարում է ինքնիշխանության պահպանումը

2 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության»-ը ընտրությունների գլխավոր հարցը համարում է ինքնիշխանության պահպանումը

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ ընտրությունների գլխավոր հարցը Հայաստանի ինքնիշխանության և երեխաների ապագայի ապահովումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

Նրա խոսքով՝ քաղաքացիները ցանկանում են անվտանգ և կայուն ապագա իրենց երեխաների համար։

«Քաղաքացին ուզում է պարզ բան, որ երեխաները լավ ապրեն։ Լավ ապրել նշանակում է անվտանգ բակ, ուժեղ դպրոց, օրենքի պաշտպանություն և ապագա»,- նշել է Բաբաջանյանը։

Նրա կարծիքով՝ պետության թուլացման պայմաններում երեխաները բախվում են քրեական ենթամշակույթի, վախի և արտագաղթի վտանգին։

«Մենք պետք է կառուցենք Հայաստան, որտեղ երեխային ձևավորում է կրթությունը, պաշտպանում է օրենքը, առաջ է տանում տաղանդը, ոչ թե ծանոթ-բարեկամ կապերը կամ գողականը»,- հայտարարել է նա։

Բաբաջանյանը նաև անդրադարձել է ընտրությունների քաղաքական նշանակությանը։

«Հունիսի 7-ը Հայաստանի դուռը ներսից կողպելու կամ լայն բացելու օրն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ընտրությունները վերաբերում են Հայաստանի ինքնիշխանության հարցին։

«Կամ հանձնում ենք երկիրը Պուտինի հայաստանյան հաճախորդներին՝ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Ծառուկյանին, Թաթոյանին և մյուսներին, կամ վերջապես կտրում ենք այն շղթան, որով մեր պետությունը պահել են կախված, թույլ և կառավարելի»,- հայտարարել է Բաբաջանյանը։

«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ևս 16 կուսակցություն և 2 դաշինք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում