Հայաստան

Փաշինյանը բացառել է առողջապահության ապահովագրության չեղարկումը ընտրություններից հետո

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացառել է առողջապահության ապահովագրության չեղարկումը ընտրություններից հետո

Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրությունը չեղարկվելու է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը։

«Չհավատա՛ք նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է»,-ասել է Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավաստիացրել է, որ առողջության  համընդհանուր ապահովագրությունը ոչ միայն չի չեղարկվելու, այլ համակարգում շահառուների նոր խմբեր են ավելանալու։

«Մենք երկու տարվա ընթացքում մեր ողջ բնակչությանը կներառենք առողջության ապահովագրության համակարգում»,-նշել է Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ, անկախ աշխատավարձի չափերից, գալիք տարվա հունվարի 1-ից ապահովագրությանը կմիանան բոլոր աշխատող քաղաքացիները։

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից՝ փուլային տարբերակով։ Առաջին փուլով ապահովագրության շահառու են դարձել 200 հազար դրամ ու ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները, մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Կառավարության մի խումբ անդամներ մայիսի 8-ից արձակուրդում են՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում