Կարող է վտանգավոր գործընթացի վերածվել․ ՀՀ առողջապահության նախարարի խոսնակն անդրադարձել է իր անունից ուղարկվող հաղորդագրություններին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի բժշկական կենտրոնների տնօրենները վերջին օրերին հաղորդագրություններ են ստանում ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանի անունից, որոնք, պարզվում է, կեղծ են։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարիամ Ծատրյանը մանրամասնեց՝ նման գործողությունների հեղինակներն այդկերպ փորձում են բժշկական գաղտնիքների մասին տեղեկություններ հավաքագրել։ Խոսնակն ընդգծեց՝ միտում է տեսնում, որ այս ամենը վտանգավոր գործընթացի կվերածվի։
– Վերջին օրերին ձեր անունից բժշկական կենտրոնների տնօրենները ստանում են ձայնային հաղորդագրություններ, զանգեր, նամակներ, որոնք, պարզվում է, դարձյալ կեղծ են. Ի՞նչ ուղղվածությամբ է թիրախավորումը։
– Այո, սա ոլորտում տեղեկատվական գրոհի երկրորդ ալիքն է: Ի տարբերություն նախորդի, երբ հաղորդագրություններն իմ նկարով ստացել էին բուժաշխատողները, այս անգամ`ուղղված էին բժշկական կենտրոնների տնօրեններին: Կարծես ավելի հեռուն են գնացել, և արհեստական բանականության միջոցով գեներացրել են նաև իմ ձայն: Կեղծ նամակները տարածվում են «Whatsapp» հավելվածի միջոցով` իմ նկարով և տարբեր հեռախոսահամարներով:
– Տեղեկատվական գրոհի հեղինակները ի՞նչ են փորձում ճշտել: Պահանջվող ինֆորմացիայի բնույթից ելնելով՝ կարո՞ղ եք ենթադրել նպատակը:
– Հարցերի բնույթից պարզ է դառնում, որ փորձում են ստանալ այնպիսի ինֆորմացիա, որը կարող է միտում ունենալ վտանգավոր գործընթացի վերածվելու` հաշվի առնելով ոլորտի զգայուն լինելը, բժշկական գաղտնիքը և մի շարք այլ գործոններ:
Խնդրանքս է առողջապահական մեր համայնքի գործընկերներին՝ լինել առավել զգոն, նման կասկածելի հաղորդագրությունների, զանգերի դեպքում չարձագանքել: