Հայաստան

Որոշ դեպքերում «ավանդական արժեքների պաշտպանության» դիրքերից հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Որոշ դեպքերում «ավանդական արժեքների պաշտպանության» դիրքերից հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները. Փաշինյան

Հայաստանում մանկապղծության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարիներ շարունակ թիրախավորվել են, իսկ որոշ շրջանակներ «ավանդական արժեքների պաշտպանության» անվան տակ խոչընդոտել են այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի մասին հարցին։

«2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը թռուցիկներ էր թողարկել, և մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար։ Որոշ լրատվամիջոցներ աղմուկ և աղաղակ էին հանում և ասում էին՝ այս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման դեպքերի պատասխանատվությունը նաև այն մարդկանց վրա է, որոնք դեմոնիզացրել են այդ թեմայով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը։

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ նման դեպքերը կարող են շատ ավելի տարածված լինել, քան հանրությունը պատկերացնում է։

«Վախենամ, այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք»,- ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ մանկապղծության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները թիրախավորվել են որպես «ապազգային» և «ավանդական արժեքների դեմ գործող» կազմակերպություններ։

«Այս փաստերը ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ դեպքերում ուղիղ կամ անուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները»,-հայտարարել է Փաշինյանը։

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն է տեղի ունեցել, ինչից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում