Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի գերեզմանոցի մուտքերի ճանապարհները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի գերեզմանոցի՝ արևելյան և արևմտյան մուտքերն իրար կապող ճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մուտքերի ճանապարհների հիմնանորոգմանը հաջորդելու են հիմնական ճանապարհին կապվող երկրորդական ճանապարհների նորոգման աշխատանքները։
Ծրագրի արժեքը 66 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Այժմ միաժամանակ ընթանում են հողաքանդման, բիտումի շերտի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքներ։
Հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև մայիսի վերջ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։