Իրավունք

Կազմակերպված հանցավոր սխեմաների վերաբերյալ մի շարք գործեր արդեն դատարանում են․ գլխավոր դատախազ

3 րոպեի ընթերցում

Կազմակերպված հանցավոր սխեմաների վերաբերյալ մի շարք գործեր արդեն դատարանում են․ գլխավոր դատախազ

Տնտեսական գործունեությանը միջամտող և կազմակերպված հանցավոր վարքագծի վերաբերյալ մի շարք քրեական վարույթներ արդեն ուղարկվել են դատարան, դրանցում առկա են նաև փողերի լվացման մեղադրանքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը, թե «Հայաստանի իշխանությունները պայքարում են մաֆիայի դեմ»՝ պատգամավորը հարցրել է, թե ի՞նչ մաֆիայի մասին է խոսքը, արդյոք հարուցվա՞ծ են քրեական գործեր, կա՞ն մեղադրյալներ և ի՞նչ փուլում են այդ գործերը։

Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել է, որ հենց այդ հայտարարության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ։

«Ձեր կողմից նշված հայտարարության վերաբերյալ կամ հայտարարության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթ առկա չէ»,- ասել է Վարդապետյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ մենաշնորհների, տնտեսական գործունեության և կազմակերպված հանցավորության հետ կապված տարբեր դրվագներով կան դատարան ուղարկված վարույթներ։

«Մենք ունենք մեղադրանքներ, որոնք դատարան են ներկայացված ոչ միայն ներմուծման և արտահանման, այլև տնտեսական գործունեության հետ կապված»,-նշել է գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ այդ վարույթներում առկա են մեղադրանքներ կազմակերպված հանցավոր վարքագծի և դրան հաջորդած փողերի լվացման վերաբերյալ։

Վարդապետյանը հայտնել է, որ քննվող գործերը վերաբերում են նաև տարբեր ընկերություններում մասնաբաժինների ապօրինի յուրացման, ինչպես նաև բիզնես գործունեությանը միջամտելու դեպքերին։

«Դրանք բոլորը դատարան ուղարկված վարույթներ են»,– ընդգծել է նա։

Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ գործերով անցնում են նաև նախկին պաշտոնատար անձինք և նրանց հետ կապ ունեցող անձինք։

«Մենք ունեցել ենք տնտեսական գործունեությանը միջամտող կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձանց և նրանց հետ խնամիական կամ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց վերաբերյալ»,– նշել է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում գումարները դուրս են բերվել Հայաստանից և ներդրվել արտասահմանյան երկրներում, իսկ սխեմաներում ներգրավված են եղել նաև արտասահմանյան գործընկերներ։

Գլխավոր դատախազը հրաժարվել է հրապարակել կոնկրետ անուններ՝ նշելով, որ դատավարական գործընթացները շարունակվում են։

«Մենք ֆիլմի սցենար չենք նկարում, մենք քրեական վարույթներ ենք քննում»,– ասել է նա։

Վարդապետյանը հավելել է, որ դատախազությունը պարբերաբար հրապարակումներ է անում այդ վարույթների վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում պատգամավորներին կարող են տրամադրվել գործերի մասին լրացուցիչ տեղեկություններ՝ գրավոր հարցման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում