3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և շեշտում, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։
«Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։ Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանի աշխատակազմն ընդգծում է, որ հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։
«Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը»,- նշված է հաղորդագրությունում։
Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն։
2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք: Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել: Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։
2026 թվականի ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, ով նույնպես անչափահաս է, ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ՝ Արթուր անունով, համոզելով իրեն նստեցրել է ավտոմեքենան՝ դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին առկա շինության մոտ ու սեռական հարաբերություն ունեցել իր հետ: