Վարդենիսում նշվել է Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության միջազգային օրը
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման բաժնի կողմից Ռազմական զինամթերքով աղտոտվածության ծրագրի շրջանակում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ՄԱԿ-ի կողմից նշվող Ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության միջազգային օրվան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածությունն ականների և պայթյունավտանգ զինամթերքի վտանգի վերաբերյալ, խթանել անվտանգ վարքագծի գիտելիքների տարածումը, ընդգծել հակաականային գործունեության կարևորությունը և հարգանքի տուրք մատուցել ականներից տուժած անձանց՝ նրանց պատմությունների միջոցով ամրապնդելով հանրային պատասխանատվության զգացումը։
Միջոցառմանը մասնակցել են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, ականներով վտանգված բնակավայրերի վարչական ղեկավարները, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների տնօրենները և ուսուցիչները, Փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաև համայնքային և կրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ։
ՀԿԽԸ Ռազմական զինամթերքով աղտոտվածության ծրագրի համակարգող Գայանե Սիմոնյանը ներկաներին ներկայացրել է օրվա խորհուրդը, խոսել աշխարհում և Հայաստանում ականների և պայթյունավտանգ զինամթերքի վտանգի մասին՝ ընդգծելով շարունակական իրազեկման ու կանխարգելման կարևորությունը։ Նա նաև ներկայացրել է առաջիկայում մեկնարկող «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ ծրագիրը», որի նպատակն է դպրոցներում և համայնքներում իրականացնել միջոցառումներ, որոնք կնպաստեն բնակչության պատրաստվածության և դիմակայունության բարձրացմանը։ Գայանե Սիմոնյանը ներկայացրել է ծրագրում ներգրավված կամավորներին՝ կարևորելով նրանց դերը համայնքներում գիտելիքի փոխանցման և անվտանգության մշակույթի ձևավորման գործում։
Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ որպես համայնքային անվտանգության մշակույթի ձևավորման կարևոր բաղադրիչ։
Նախկին զինվորական, ականից տուժած Ռուբեն Փարսադանյանն էլ պատմել է իր կյանքի դժվարությունների, հաղթահարված մարտահրավերների և ձեռքբերումների մասին՝ միաժամանակ ներկաներին փոխանցելով անվտանգ վարքագծի կարևոր ուղերձներ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր ականներից և պայթյունավտանգ զինամթերքից տուժած անձանց մասին, որոնք ևս մեկ անգամ ընդգծել են իրազեկման և մարդասիրական արձագանքի կարևորությունը։
Միջոցառման երկրորդ հատվածում Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով։