Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետի և Սալոնիկի քաղաքապետի հետ

3 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետի և Սալոնիկի քաղաքապետի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետ Աթինա Էդոնա Աթանասիադուին և Սալոնիկի քաղաքապետ Ստելիոս Անգելուդիսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը զրուցակիցների հետ քննարկել է Հայաստանի հետ միջմարզային և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները։

Կենտրոնական Մակեդոնիայի մարզպետ Աթանասիադուի հետ քննարկվել են մասնավորապես երեք հիմնական ուղղություններով՝ նորարական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ շրջանակներում տարբեր ծրագրերին համատեղ հայտերով մասնակցելու երկկողմ ներուժը։

Սալոնիկի քաղաքապետ Անգելուդիսի հետ քննարկվել են Հունաստանում ՀՀ դեսպանության և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոսության համատեղ ջանքերով տարվա ընթացքում կազմակերպված և նախատեսված միջոցառումները, ներառյալ ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումները։ Քննարկվել են նաև երկկողմ քաղաքի օրերը տոնելու հնարավորությունները։ Կարևորվել է Սալոնիկում հայկական հարուստ հետքի լուսաբանման նոր մեթոդաբանության ներդրումը՝ հաշվի առնելով ամառային շրջանում Հունաստանի երկրորդ քաղաք և նրա հարակից շրջաններ զբոսաշրջային զգալի աճը, այդ թվում և Հայաստանից։

Դեսպանը զրուցակիցներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի ապաշրջափակման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում արձանագրված վերջին ձեռքբերումները։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին 2026 թվականի փետրվարին քաղաքապետարանում «Universe Art» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում

«Հունական և հայկական դիցաբանությունը երեխաների աչքերով» խորագիրը կրող և Հայաստանի արվեստի դպրոցների 5-18 տարեկան երեխաների շուրջ 100 նկարների բացառիկ ցուցահանդեսը հյուրընկալելու համար։

Հանդիպումներին մասնակցել է նաև Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում