Իրավունք

Գլխավոր դատախազը կարևորեց անչափահասների ներգրավվածության կանխարգելումը թմրամիջոցների շրջանառության հարցում

3 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը կարևորեց անչափահասների ներգրավվածության կանխարգելումը թմրամիջոցների շրջանառության հարցում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի պայմաններում կանխարգելումն ավելի արդյունավետ է, քան պատժի խստացումը, հատկապես՝ անչափահասների ներգրավվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին։

Անդրադառնալով 2025 թվականի հաղորդման տվյալներին՝ պատգամավորը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվը 2024 թվականի համեմատ աճել է, միաժամանակ աճել է նաև բացահայտումների ցուցանիշը՝ շուրջ 26,3 տոկոսով։

Նա հետաքրքրվել է, թե նման հանցագործություններում ներգրավվածների մեջ որքա՞ն են կազմում անչափահասները, ինչպես նաև՝ արդյոք պատժի խստացումը կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ։

Գլխավոր դատախազը նշել է, որ հաղորդման մեջ ներկայացված տվյալները ցույց են տալիս շրջանառության ծավալների աճ, ինչը մտահոգիչ է, սակայն շեշտադրել է՝ այստեղ ավելի ճիշտ է կանխարգելել, քան հետո փորձել պատժել։

Վարդապետյանի խոսքով՝ պատժի խստացումը այս դեպքում արդյունավետ գործիք չէ։

«Սա այն դեպքը չէ, որ պատժի խստությունը օգնելու է։ Ընդհակառակը, նման մոտեցումը կարող է հանգեցնել սև շուկայում գների աճի, քանի որ մեծանում է ռիսկը և, հետևաբար, թանկանում է շրջանառվող ապրանքը»,- ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ հատկապես անչափահասների դեպքում առաջնայինը պետք է լինի կանխարգելիչ քաղաքականությունը, որի առանցքում պետք է դրվի զբաղվածության ապահովումը։  

«Եթե անչափահասները ունենան զբաղվածություն՝ սպորտ, մշակութային և այլ հետաքրքրություն ներկայացնող գործունեություն, ապա կախվածությունների՝ ոչ միայն թմրամոլության, այլև այլ ձևերի ռիսկերը նվազում են»,– նշել է գլխավոր դատախազը։

Վարդապետյանը հավելել է, որ կախվածությունը հաճախ հանդիսանում է փախուստ իրականությունից, և դա վերաբերում է թե՛ թմրամիջոցներին, թե՛ այլ կախվածություններին, այդ թվում՝ մոլախաղերին։

Նա նաև ընդգծել է, որ իրավապահ համակարգը փոխում է իր մոտեցումը՝ կենտրոնանալով ոչ թե մանր դեպքերի, այլ խոշոր խմբաքանակների բացահայտման վրա։

«Մենք հետ ենք կանգնում յուրաքանչյուր փոքր չափաքանակի դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու տրամաբանությունից և կենտրոնանում ենք խոշոր մաքսանենգությունների բացահայտման վրա, ինչի արդյունքում կրկնակի աճել է ապօրինի շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների քանակը»,-նշել է գլխավոր դատախազը՝ ընդգծելով նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Ազգային անվտանգության ծառայության դերն այս գործընթացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում